Երեւանում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողը, որին որոնում էր ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնաբերվել է նախօրեին երեկոյան եւ փոխանցվել ռուսական ռազմաբազային:

Նշենք, որ հուլիսի 28-ին Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների համատեղ ջանքերով Երեւանում երեկոյան ժամը 19-ի սահմաններում ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողը հայտնաբերվել է Երեւանի Հանրապետության հրապարակում:

Նրա մոտ զենք չի հայտնաբերվել, որի մասին նախօրեին հայտարարել էր ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը:

Բանն այն է, որ նա պայմանագրային զինծառայող է եւ իրավունք ունեցել է լքել ռուսական ռազմակայանի տարածքը, սակայն մի քանի օր նա աշխատանքի չի ներկայացել, որից հետո ռազմակայանի ղեկավարությունը դիմել է ՀՀ ոստիկանությանը եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Զինծառայողի անունը պարզել չհաջողվեց:

Ներկայումս զինծառայողը գտնվում է Գյումրիի ռուսական ռազմակայանում: