Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ամբաստանյալ Վալերի Պերմյակովի դատապաշտպանը միջնորդել է իր պաշտպանյալի առաջին հարցաքննությունն անվավեր ճանաչելու համար։

Միջնորդությանը միացել են տուժողների շահերը ներկայացնող պաշտպանները եւ նրանց իրավահաջորդները:

Միջնորդության հիմնավորումը վերաբերում է  հարցաքննության ժամանակ պաշտպանի ներկայության մասով խախտմանը, քանի որ պաշտպանը հրավիրվել է հայկական կողմից, բացի դրանից՝ հարցաքննության առաջին փուլում Հայաստանի փաստաբանների կոլեգիան իրավունք չի ունեցել պաշտպանել Ռուսաստանի քաղաքացու շահերը:

Պաշտպանական կողմի երկրորդ միջնորդությունը վերաբերում էր ամբաստանյալի անձնական զննության ժամանակ արձանագրության հստակեցմանը: Նշենք, որ խոսքն այն մասին է, որ սահմանին ձերբակալելիս Վալերի Պերմյակովին հենց այնտեղ էլ խուզարկել են եւ մոտը եղած իրերն առագրավել: Սակայն ավելի ուշ, երբ Պերմյակովը բերվել է Գյումրիի սահմանապահ ջոկատ, կատարվել է կրկնակի խուզարկություն՝ արդեն պաշտպանի ներկայությամբ: Եվ նախկինում առգրավված բոլոր իրերը կրկնակի «հայտնաբերվել են»: Այս միջնորդության եւս աջակցեցին տուժող կողմի ներկայացուցիչները եւ իրավահաջորդները:

Դատավորը հայտարարեց, որ միջնորդությանն ավելի ուշ կանդրադառնա: Փաստաբանները ստիպված էին հիշեցնել, որ հարցն անհապաղ դիտարկման անհրաժեշտություն ունի, քանի որ կարեւոր նշանակություն ունի մեղադրական եւ պաշտպանական ճառերին պատրաստվելու տեսանկյունից: Միջնորդությունների քննարկումը հանգեցրեց դատավորին հասցեագրված մեղադրանքով՝ դատավարությունը ձգձգելու եւ օրենքի տառից շեղվելու փորձի համար:

Փաստաբաններից Լուսինե Սահակյանը ոչ մեծ ընդմիջում խնդրեց իրենց հետագա քայլերը որոշելու համար:

Ընդմիջումից հետո միջնորդության քննարկումը շարունակվեց։ Ամբաստանյալ Պերմյակովի փաստաբանը հաստատեց միջնորդությունը, փաստաբանները հիշեցրեցին, որ առաջին հարցաքննության ժամանակ հայկական կողմից հրավիրված փաստաբանի ներգրավվածությունը խախտում է, հետեւաբար, առաջին հարցաքննության արձանագրությունը պետք է անվավեր ճանաչվի։

Արդյունքում դատավոր Հարություն Մովսիսյանը ընդմիջում հայտարարեց մինչեւ հաջորդ ուրբաթ ներկայացված միջնորդությունները քննելու համար։