«Էրեբունի» ԲԿ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի վիճակը գնահատվում է կայուն՝ դրական դինամիկայով:  Լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:

«Վերքերն ամեն օր մշակվում են, ստանում է համապատասխան դեղորայք: Վերքի վիճակը գնահատում ենք բավարար»,- նշեց նա:

Հարցին, թե արդյոք սնվում է Պապլիկ Մանուկյանը, Միքայել Մանուկյանը պատասխանեց, որ թեեւ հացադուլը շարունակում է, սակայն  դեղորայք ստանում է, որն անհրաժեշտ է վնասումի, օրգանիզմը ճիշտ աշխատելու համար:

«Սասնա ծռերից» «Էրեբունի» ԲԿ-ում բուժում են ստանում նաեւ Արմեն Լամբարյանը և Արթուր Մելքոնյանը: Արմեն Լամբարյանի վիճակը, ըստ Միքայել Մանուկյանի, կայուն ծանր է, նրան նախօրեին վիրահատել են, իսկ այսօր առավոտյան անջատել են արհեստական շնչառության ապարատից:

Ինչ վերաբերում է Արթուր Մելքոնյանին, բժշկի խոսքով, նա լուրջ վնասվումներ չի ունեցել, միայն քերծվածքներ, փոքր վերքեր, որոնք մշակվել են. «Նախօրեին նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ոստիկանության, հուլիսի 27-ի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորվել էին Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը: