Ոստիկանության պահման վայրերի դիտորդական խումբը հայտարարություն է տարածել, որում նշված է․

«Հուլիսի 30-ին Դիտորդական խումբը այցելություն կատարելով Երեւան քաղաքի վարչության Երեւանի ՁՊՎ հանդիպել է այնտեղ պահվող բոլոր ձերբակալվածների հետ, որոնց թվում էին նաեւ Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը եւ Անդրեաս Ղուկասյանը:

Նշենք, որ հուլիսի 30-ին Դիտորդական խումբը մեծ դժվարությամբ է մուտք գործել Երեւանի ՁՊՎ, որովհետեւ մինչ ՁՊՎ-ի տարածք հասնելը ոստիկանները ամբողջությամբ շրջապատել եւ փակել են նշված հատվածը երկու գծով, որը մեծ խոչընդոտ էր հանդիսանում նաեւ ձերբակալվածների հարազատների համար նրանց հանձնուք փոխանցելու կամ տեսակցելու գործընթացին:

Ինչ վերաբերվում է նշված օրը հանդիպած ձերբակալվածների մարմնական վնասվածքներին դրանք շատ ավելի քիչ էին քան նախորդ ձերբակալությունների ժամանակ:

Ամենածանր ու շատ մարմնական վնասվածքները առկա էին Անդրեաս Ղուկասյանի մոտ, ում Դիտորդական խմբի կողմից առաջարկվեց շտապ շտապօգնություն հրավիրել եւ բուժօգնություն ցուցաբերվի, հրաժարվեց եւ պահանջում էր իր անձնական բժշկին: Դիտորդական խումբն էլ միջամտեց, որպեսզի լուծվի Անդրեաս Ղուկասյանի անձնական բժշկի ներկայությունը նրան հետազոտելու համար:

Ի հավելում մամուլում տարածված այն լուրերին որ արդեն 30 ժամից ավելի է ինչ Արմեն Մարտիրոսյանից չկա որ մի տեղեկություն, նշենք, որ Դիտորդական խումբը շատ երկար ժամանակով հանդիպել է Արմեն Մարտիրոսյանին եւ նրա մոտ ամեն ինչ եղել է նորմալ, որեւէ գանգատ տվյալ պահին ՁՊՎ-ից եւ ՁՊՎ-ի վարչակազմից չի ունեցել:

Դիտորդական խումբը այսօր՝ 31.07.2016թ-ին առավոտից սկսեց իր մոնիթորինգային աշխատանքները հենց Երեւանի ՁՊՎ-ից : Վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպեց խոչընդոտի, որով Դիտորդական խմբին մինչ ՁՊՎ-ի տարածք հասնելը փակ պահվող գոտուց թույլ չտվեցին առաջ շարժվել: Նշենք, որ եթե Դիտորդական խմբին միայն այսօր թույլ չեն տվել ՁՊՎ-ին մոտենալ եւ մուտք գործել, արդեն երկու օր է այնտեղ պահվող ձերբակալվածների հարազատները չեն կարողանում օգտվել իրենց իրավունքներից՝ հանձնուք փոխանցել ձերբակալվածներին, տեսակցել նրանց հետ: Նշված դեպքից հետո Դիտորդական խումբը այցելել է Երեւան քաղաքի գրեթե բոլոր մոտ գտնվող ՁՊՎ –ներ եւ հանդիպել է այնտեղ պահվող բոլոր ձերբակալվածների հետ: Դիտորդական խմբի միջամտությամբ լուծվել է ինչպես տեսակցության, հանձնուքի, այնպես էլ անհրաժեշտ բուժօգնության մի քանի հարցեր:

Այսպիսով Դիտորդական խումբը տվյալ հայտարարությամբ միաժամանակ դիմում է ՀՀ ոստիկանությանը խնդրելով մեկնաբանել՝

1. Դիտորդական խմբի աշխատանքները խոչընդոտելու հանգամանքը ինչի հետ է պայմանավորված, եթե պաշտոնապես որեւէ սահմանափակումների եւ գործողությունների  վերաբերյալ չկա հայտարարություն։

2. Անկախ առաջին կետի պատասխանից, Դիտորդական խումբը հիմք ընդունելով՝ Երեւան քաղաքի ՁՊՎ մոտենալու, մուտք գործելու ստեղծված խոչընդոտները, առաջարկում է ժամանակավորապես դադարեցնել տվյալ ՁՊՎ-ի գործունեությունը եւ այնտեղ պահվող ձերբակալվածներին անհապաղ տեղափոխել մարզային գործող ՁՊՎ-ներ եւ պահել այնտեղ»: