Ծննդկան Մերի Մարգարյանը մահվանից մեկ օր առաջ բարձր ջերմություն է ունեցել. ողջ օրվա ընթացքում կնոջ ջերմությունը տատանվել է 38-39,6: Այս մասին այսօր` օգոստոսի 2-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ասաց դատավոր Դավիթ Բալայանը` նշելով, որ այդ մասին փաստաթուղթ է ներկայացրել «Էրեբունի» բժշկական կենտրոնը:
Դատարանը ներկայացրեց նաեւ, թե ինչ բուժօգնություն է Մերի Մարգարյանը ստացել«Էրեբունի»-ում` ըստ այդ ԲԿ-ի: Հիշեցնենք, որ ծննդկանը «Շենգավիթ» բժշկական կենտրոնից «Էրեբունի» էր տողափոխվել հուլիսի քսանյոթին` ծայրահեղ ծանր վիճակում: Նրան անմիջապես կեսարյան հատում էին արել: Հուլիսի 27-ին, ըստ այդ հիվանդանոցի ներկայացրած տվյալների, Մերի Մարգարյանը բարձր զարկերակային ճնշում է ունեցել:
«Ժամը 18.30-ին Մերի Մարգարյանը 37 աստիճան ջերմություն է ունեցել, այնուհետեւ ջերմությունը բարձրացել է` մինչեւ 39,3»,- ասված է փաստաթղթում:
Հուլիսի 29-ի փաստաթղթերով` Մերի Մարգարյանի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, Հ HELLP համախտանիշ, հարաճող բազմաօրգանային անբավարարություն:
Դատարանն ընթերցեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ներկայացրած փաստաթուղթը, որը վերաբերում է հուլիսի 26-ին եւ 27-ին: Էպիկրիզը ստորագրված է ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի անունով: Ըստ այդ էպիկրիզի` Մերի Մարգարյանը հիվանդանոց է ընդունվել հուլիսի 26-ին ժամը 16:00-ի սահմաններում, գանգատվել է բարձր ջերմությունից, նախորդ երկու օրերին հեղուկներ է ընդունել եւ պարացետամոլ, իսկ հետազոտությունները եղել են նորմայի սահմաններում, հաջորդ օրը բազմապրոֆիլային հիվանդանոցի անհրաժեշտություն է առաջացել, ինչի համար էլ տողափոխվել է իրենց մոտից:
Դատարանում Բախշյանը հաստատեց, որ էպիկրիզն ինքն է գրել, քիչ ժամանակ է ունեցել եւ կարճ ներկայացրել է վիճակը, իսկ ամբողջ փաստաթղթերն էլ լուսանկարել է բժիշկ Հայկ Հարությունյանը, որը Մերի Մարգարյանի հետ «Էրեբունի» ԲԿ էր գնալու:
Դատական նիստը շարունակվում է:
Նշենք, որ այս գործով ամբաստանյալներն են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, որը վարել է հղիությունը, եւ Անի Բաբելյանը, որը հրաժարվել է հոսպիտալացնել Մերի Մարգարյանին:





























