Ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից անցնում ենք արտադրությամբ եւ արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի: Այս մասին, կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված տնտեսական արդյունքներն ու նախանշվել հետագա անելիքները:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը մասնավորապես, նշել է. «2016 թվականի սկզբին Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած էին բազում ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգությանն առնչվող մարտահրավերներ: Հիմնական գործընկեր երկրներում 2015 թվականին սկիզբ առած բացասական տնտեսական ճնշումները, արտաքին լոգիստիկ խնդիրները, ինչպես նաեւ միջազգային տնտեսական աճի եւ միջազգային առեւտրի դանդաղումը վտանգել էին երկրի առաջանցիկ տնտեսական աճի հեռանկարները: Սակայն, հիմնվելով 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալների վրա, կարելի է փաստել, որ առկա են որոշակի հաջողություններ՝ անգամ շարունակվող գնանկման համատեքստում 2016 թվականի առաջին եռամսյակում գրանցվեց 4.4 տոկոս տնտեսական աճ, իսկ հունվար-հունիս ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճեց 4.8 տոկոսով: 2015 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված հակացիկլային քաղաքականության եւ առաջ եկող խոչընդոտներին ժամանակին եւ արդյունավետ արձագանքման շնորհիվ այդ տարվա բացասական շոկերն ամբողջապես կլանվեցին մեր տնտեսության կողմից՝ չփոխանցվելով 2016 թվական: Ըստ փորձագիտական գնահատականների, 2015 թվականին տեղ գտած արտաքին ցնցումներն առանց կառավարության կողմից իրագործված քաղաքականության կարող էին բնակչության եկամուտները նվազեցնել 20-30 տոկոսով»: Վարչապետն ընդգծել է, որ արդեն իսկ տեսանելի են Հայաստանի Հանրապետության կառավարության՝ արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության առաջին արդյունքները: Նրա խոսքով՝ կառավարության նպատակն է եղել խթանել տնտեսական աճն արտահանման աճի շնորհիվ՝ զուգակցելով այն արտաքին առեւտրի հաշվեկշռի պակասուրդի կրճատմամբ: Հովիկ Աբրահամյանն ավելացրել է, որ արտաքին առեւտրաշրջանառության աշխուժացման արդյունք է հանդիսացել արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը, որը 2016 թվականի առաջին 6 ամիսների արդյունքներով կազմել է 8.9 տոկոս, ընդ որում՝ մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 5.1 տոկոսով, իսկ հանքագործական արդյունաբերություն եւ բացահանքերի շահագործում ճյուղի արտադրանքի արտադրության ծավալները՝ 18.8 տոկոսով:
«Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը շարունակում է նվազել, սակայն ի տարբերություն 2015 թվականի, 2016 թվականի արտաքին առեւտրի դեֆիցիտի նվազման հիմնական գործոն է հանդիսացել արտահանման աճը, այլ ոչ թե ներմուծման նվազումը: Այսպես, 2016 թվականի առաջին 6 ամիսների տվյալների համաձայն, ապրանքային արտահանումը գրանցել է 16.7 տոկոս աճ այն ժամանակ, երբ ներմուծումը սկսել է վերականգնվել՝ գրանցելով միայն 3.7 տոկոս նվազում: Փաստացի արտահանումը աճել է շուրջ 116.6 մլն ԱՄՆ դոլարով այն ժամանակ, երբ ներմուծումը գրանցել է մոտ 56 մլն ԱՄՆ դոլարի չափով նվազում: 2016 թվականի առաջին 5 ամսվա ընթացքում կտրուկ արտահանման աճ են գրանցել թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, պատրաստի սննդի արտադրանք, մանածագործական իրեր, բուսական ծագման արտադրանք ապրանքային խմբերը: Կարելի է փաստել, որ չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առեւտրի շնորհիվ, ինչը նշանակում է, որ արդեն իսկ տեղի է ունենում որակապես նոր տնտեսական աճ` այն է ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք արտադրությամբ եւ արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի»,- նշել է վարչապետն՝ ավելացնելով, որ այսպիսի փոփոխությունները կարող են հանդիսանալ տնտեսության նոր երկարաժամկետ ձեւափոխության սկզբի նախանշաններ:































