Տնտեսության մեջ դրական փոփոխությունները դեռեւս չեն նշանակում, որ անելիքներ չկան:  Այս մասին, կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի խոսքով, առկա են բազմաթիվ հրատապ լուծում պահանջող խնդիրներ. «Առկա հաջողությունները պետք է միայն որպես հիմք ծառայեն հետագա բարեփոխումների եւ համապարփակ զարգացմանն ուղղված քաղաքականության իրագործման համար: Այսօր ծայրահեղ կարեւորություն ունեն ներքին գործարար միջավայրի բարելավումը, կոռուպցիոն ռիսկերի հնարավորինս նվազեցումը, նոր մրցակցային առավելությունների բացահայտումը եւ զարգացումը, ինչպես նաեւ հայկական ապրանքների՝ նոր շուկաների մուտք գործելուն նպաստելը եւ առկա շուկաներում դիրքերի ամրապնդելը:

Ներկայումս, չնայած մի շարք ռիսկերի առկայությանը, տնտեսական զարգացումները կրում են դրական բնույթ, եւ մեր հիմնական միջնաժամկետ նպատակներից պետք է հանդիսանա առկա հաջողությունների ամրապնդումը, ռիսկերի անընդհատ մոնիթորինգը եւ չեզոքացումը, ինչպես նաեւ առավել ներառական տնտեսական աճի ապահովումը», - ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը կարեւորել է համատեղ ուժերով առկա խնդիրների լուծումը եւ նշել, որ կառավարությունը շարունակելու է ականջալուր լինել քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության հրապարակային առաջարկություններին եւ մոտեցումներին:

Խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում տնտեսական ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը, առեւտրաշրջանառության, այդ թվում՝ արտահանման ծավալների ավելացմանը, ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի հետագա բարելավմանն ուղղված առաջարկություններ եւ դիտարկումներ, անդրադարձ կատարել առկա խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին: