«Թքած Հայաստանի վրա»: ՌԼԴԿ-ի առաջնորդ, Պետդումայի պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ Վլադիմիր Ժիրինովսկին Life պորտալին տված հարցազրույցում այդ եղանակով է պատասխանել Երեւանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները մեկնաբանելու խնդրանքին:
«Մարդկանց համար ի՞նչ է Հայաստանը: Այնտեղ պարբերաբար ելույթներ կլինեն: Փոքրիկ, լեռնային երկիր է, լեռների միջեւ, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ սեղմված, ոչ մի հեռանկար, տնտեսություն չունի: Այնտեղ արդեն մեկ միլիոն հայ է մնացել: Բոլորը փախել են: Լիբանան, Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, Նահանգներ. ամբողջ աշխարհով թափառում են: Այնտեղ ապրելու տեղ չկա, լեռներ են: Բնականաբար, այնտեղ տարբեր խմբավորումներ իրար հանդեպ զզվելի բաներ կանեն», - հայտնել է ռուսաստանցի քաղաքական գործիչը:
Լրագրողի այն դիտարկմանն ի պատասխան, թե Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է եւ նրա տարածքում ռազմական բազա կա, Ժիրինովսկին նշել է. «եթե մեզ վրա թքեն, բազան հետ կվերցնենք»: «Մեր ոտքերի առաջ կթավալվեն բազան վերադարձնելու համար: Այդ բազան նրանց փրկությունն է, հակառակ դեպքում նրանց երկու կողմից կջնջեն թուրքերն ու ադրբեջանցիները: Այդ պատճառով Հայաստանի համար չարժե անհանգստանալ: Նրանք երբեք մեզնից չեն հրաժարվի, որովհետեւ այդ դեպքում նրանց վերջը կգա` ամբողջությամբ»:
Նրա տեսանկյունից, Ադրբեջանը «անմիջապես կգրավի Լեռնային Ղարաբաղը, իսկ թուրքերը կօգնեն»: «Հայաստանը Եկատերինա Երկրորդն է փրկել դեռեւս երեք հարյուր տարի առաջ: Թուրքերը բոլորին քշում էին: Նրանք այդ ժամանակ արդեն բոլորից ազատվելու միգրացիոն քաղաքականություն ունեին: Եվ բոլոր փոքր ժողովուրդներին ոչնչացրեցին: Իսկ քրդերի առումով չհաջողվեց, որովհետեւ նրանք չափազանց շատ են»:





























