Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով այսօր արդեն մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, մեկ շաբաթից նորից վերադառնալու է, ներսում նորից հանդիպելու է «Սասնա ծռերի» տղաների հետ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով, ՊՊԾ գնդում գտնվողների հետ բանակցությունները երբեք չեն ընդհատվել: «Շատ մարդկային վերաբերմունք կար, դրա մասին կար նաեւ նախագահի ցուցումը, որ որեւէ վատ վերաբերմունք չլինի: ցուցում կա, որ հիմա էլ նրանց նկատմամբ ներսում որեւէ վատ վերաբերմունք չի լինելու»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ է լինելու «Սասնա ծռերի» անդամների ճակատագիրը, Իսագուլյանը պատասխանեց. «Հավատացեք, երեկվանից, նրանք ովքեր անում են բարձրագոչ հայտարարություններ, որ պատրաստ են պաշտպանել տղաներին, հավատացեք տղաների պաշտպանության խնդրին առաջինը լծվել է ինքը՝ Վիտալի Բալասանյանը: Երեկ ամբողջ գիշեր տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, տղաների մասին ամենից շատ մտածում է Վիտալի Բալասանյանը, երկրի ղեկավարությունը եւ նախագահ Սերժ Սարգսյանը: Ավելի լավ է չխանգարել այդ գործընթացներին եւ, կարծում եմ՝ բոլորդ կտեսնեք հանգուցալուծումը: Իհարկե, նրանց համար, ովքեր ոստիկանների սպանության եւ տարբեր այլ խնդիրների հետ կապ ունեն, նրանց մասով դատավճիռներ կլինեն եւ պետք է սպասել քննության ավարտին, բայց 7 հոգի մարդ է եղել ներսում, որոնք կյանքում երբեւէ զենքի ձեռք տված չեն եղել»: