Չեմ պատկերացնում՝ Թուրքիան ինչպես կարող է Լեռնային Ղարաբաղի խնդրով բանակցություններին մասնակցել մինչեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Այս մասին օգոստոսի 2-ին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած համացանցային մամուլի ասուլիսին, որը վերաբերում էր այն հարցին, թե կա՞ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին Անկարային  ներառելու հավանականություն, հայտարարել է  Թուրքիայի քաղաքական կենտրոնի գիտաշխատող Բուրչու Գյուլթեքին Փունսմանը:

Բուրչու Գյուլթեքին Փունսմանի խոսքով՝ ինքը համարյա 20 տարի եղել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակից: «Այո, ես եւս մեկ անգամ  կկրկնեմ, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները, որպեսզի Հարավային Կովկասում ակտիվ դիրք գրավի: Չեմ պատկերացնում՝ ինչպես է Թուրքիան  մասնակցելու Լեռնային Ղարաբաղի խնդրով բանակցություններին մինչեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Միակ տարբերակը կարող է հանգել նրան, որ Մոսկվան Թուրքիային բացահայտ խնդրի գործընթացին ներգրավվելու մասին»,- նշել է թուրք փորձագետը: