Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի բնակչուհի Անժելա Այվազյանի թոռնուհին մանկապարտեզից էր վերադառնում, երբ սկսվում է հրաձգությունը: Կրակոցի ձայները լսելուն պես 5-ամյա աղջնակն իջեցնում է գլուխն ու տուն վազում: «Նա խելացի աղջիկ է: Գիտի, որ ոչ մի տեղ կանգ առնել չի կարելի»,- ասում է Անժելա Այվազյանը: Այս մասին The Guardian-ում հրապարակված հոդվածում գրում է Ամալյա Իլգները:

Այս անգամ ոչ ոք չի վիրավորվել, բայց Մովսեսի ուղղությամբ դիպուկահարները նորից ու նորից են կրակելու: Ինչպես տիկին Անժելան է ասում՝ «դա ընդամենը ժամանակի հարց է»:

Մովսես գյուղում բնակվող ընտանիքների համար հուլիսի վերջին իրադրության սրումն առօրյա կյանքի մաս է դարձել: Տեղի բնակիչներն ասում են՝ ադրբեջանական կողմը հետեւում է իրենց գյուղի 90% հատվածին. բազմաթիվ տներ ուղիղ դիպուկահարերի քթի տակ են:

Համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը ծնվել ու արդեն 55 տարի գյուղում է ապրում: «Հազիվ թե գյուղում կարելի է տուն գտնել, որի վրա գնդակի հետքեր չկան»,- ասում է գյուղապետը:

Նրա տունը գնդակոծվել է անցյալ տարվա սեպտեմբերին: «Նրանք պարզապես անկանոն կրակ են արձակում: Գիտեն, որ այս շրջանում մարդիկ են ապրում, այդ պատճառով վստահ են, որ որեւէ մեկին վնաս կհասցնեն»,- նշում է Արարատ Ավալյանը:

Անժելա Այվազյանը պատմում է, որ իր կյանքը մշտական սթրեսի մեջ է անցնում: Ամուսինը, մինչեւ թոշակի անցնելը, 22 տարի ծառայել է սահմանին, հիմա էլ որդին է բանակում ծառայում: Տիկին Անժելան չի կարողանում նորմալ քնել. անհանգստանում է որդու համար:

Մի անգամ կինը փորձել է հեռանալ հայրենի գյուղից: «Տարիներ առաջ աշխատանք գտնելու համար Մոսկվա մեկնեցի, բայց այնտեղ ընդամենը 4 ամիս կարողացա ապրել: Շատ դժվար էր Հայաստանից, Մովսեսից, տանից հեռու ապրել: 8 կգ նիհարեցի, պարզապես չէի կարողանում ապրել այնտեղ: Գիտեմ, որ իմ տունն այստեղ է»,- պատմում է Անժելա Այվազյանը:

Մովսես գյուղի մյուս տարեց բնակչուհիների՝ Թագուհի Ադամյանի եւ Հասմիկ Շահինյանի նման, Անժելա Այվազյանը մտադիր է մնալ հայրենի գյուղում եւ այն կենդանի պահել: