Հայաստանում առաջին կիսամյակում առանձնատների առքուվաճառքի 1937 գործարք է ձեւակերպվել: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս ցուցանիշը կրճատվել է 115 միավորով կամ 5.6%-ով:

Առանձնատների առքուվաճառքի գործարքների ամենամեծ անկումը գրանցվել է մարզերում՝ 74 միավոր կամ ավելի քան 5%: Մայրաքաղաքում անկումը կազմել է գրեթե 7% կամ 41 միավոր: Ընդհանուր առմամբ, հանրապետության տասը մարզերից առանձնատների առքուվաճառքի գործարքների թիվն աճել է Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում եւ Տավուշում: Մյուս վեց մարզերում գնորդների թիվը կրճատվել է:

Նկատենք, որ հանրապետության առանձնատների ընդհանուր ֆոնդում մարզերի մասնաբաժինը գերազանցում է 82%-ը, սակայն առքուվաճառքի գործարքների թվում 71%-ից էլ պակաս է: Ինչպես բնակարանների մասով՝ մայրաքաղաքն առքուվաճառքի գործարքների թվի հարաբերակցությամբ առաջատար է. 1.0%՝ մարզերի 0.4%-ի դիմաց: Սակայն, ի տարբերություն բնակարանների, որոնց վաճառքն առաջնային շուկայում կարելի է միայն ողջունել, առանձնատների մասով խնդիրը փոքր-ինչ այլ է:

Հասկանալի պատճառներով՝ «սեփական տները», ինչպես ժողովուրդն է ասում, հիմնականում առկա են երկրորդական շուկայում: Պարզ ասած՝ հիմնական իրենց տունը վաճառում են սեփականատերերը, այլ ոչ շինարարական կազմակերպությունները: Պատճառները տարբեր են, որոնց թվում է նաեւ արտագաղթը:

«Առանձնատուն» են կոչում ինչպես ժամանակակից շքեղ պալատները, այնպես էլ ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող համեստ տները: Առանձնատան միջին մակերեսով երկրում առաջատարն Արմավիրի մարզն է՝ 222 ք.մ., վերջին տեղում Լոռին է՝ 125 ք.մ.: Մայրաքաղաքում այդ ցուցանիշը 162 ք.մ. է:

Առանձնատների պաշտոնական միջին գների հաշվարկման մեթոդը որոշակի առանձնահատկություն ունի: Մարզերի պարագայում հաշվարկվում է 200 ք.մ. մակերեսով ստանդարդ տան գինը՝ 1.000 ք.մ. տնամերձ հողատարածքով: Երեւանի համար այս չափանիշները, համապատասխանաբար, 250 ք.մ. եւ 400 ք.մ. են: Այդ պատճառով մայրաքաղաքի եւ մարզերի քաղաքների գների համեմատությունը փոքր-ինչ պայմանական է:

Եվ այսպես, ամենաթանկ առանձնատները, բնականաբար, մայրաքաղաքում են: Ավելի ճիշտ՝ էլիտար Կենտրոն վարչական շրջանում: Պաշտոնական տվյալներով՝ այս շրջանում հունիսին առանձնատան 1 ք.մ.-ի միջին շուկայական գինը կազմել է միջինը 476.4 հազար դրամ: Ամենացածր գինը Դաստակերտ քաղաքում է՝ 11.6 հազար դրամ՝ 1 ք.մ.-ը:

Մարզերի քաղաքներից ամենաթանկարժեք տները Ծաղկաձորում են. միջինը 305 հազար դրամ՝ 1 ք.մ.-ի համար: Այս առումով Ծաղկաձորը կարելի է համեմատել Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանի հետ:

Սմբատ Գրիգորյան