«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու համար Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացնելու: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է նրա փաստաբան Գիվի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրենք անցնելու են բոլոր դատական ատյաններով եւ հասնելու են Եվրոպական դատարան:
Փաստաբանի խոսքով, հենց դատարանի դահլիճում Արմեն Մարտիրոսյանի առողջական վիճակը վատացել է, շտապօգնություն են կանչել, ներարկում է արել եւ նշել, որ նա հանգստի կարիք ունի. «Իրականում թմրացնող դեղ էր եւ Արմեն Մարտիրոսյանը դատարանի դահլիճում մեկ ժամից ավելի քնել էր: Նկարահանած ունենք: Դատարանին ասում ենք՝ ժամը 1.30-ն է, նա չի կարողանում նյութերին ծանոթանալ, պաշտպանությունը կառուցել, խնդրում ենք հետաձգել, որ հաջորդ օրը ներկայանանք, սակայն դատարանը, քանի որ գոյություն ունի հրաման արագ ավարտելու, բոլոր օրենքները խախտելով քննությունը չհետաձգվեց: 5.30-ի սահմաններում դատարանը նոր գնացել է խորհրդակցական սենյակ, իսկ կալանքի որոշումը հրապարակվել է առավոտյան ժամը 7-ին»:
Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ ոստիկանների ցուցմունքները հակասում էին միմյանց, եւ առաջադրված մեղադրանքին, սակայն Արմեն Մարտիրոսյանը հնարավորություն չուներ լիարժեք ծանոթանալ նյութերին, ոստիկանների ցուցմունքներին:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում ոստիկանությունն ուժային գործողություն է կիրառել: Տեսանյութերում երում է, որ Արմեն Մարտիրոսյանը փորձում է հանդարտեցնել իրավիճակը, կոչ է անում ոստիկաններին ուժ չկիրառել, խոստանալով, որ ցուցարարներն առաջ չեն գա:
Ոստիկանության գործողություններից, պաշտոնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 73 մարդ, 165 մարդ բերման է ենթարկվել, որից 26-ը ձերբակալվել է:
Արմեն Մարտիրոսյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 225 հոդվաի առաջին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որը նախատեսում է 4-10 տարի ազատազրկում:





























