Վանաձոր քաղաքում, այսօր՝ օգոստոսի 3-ի առավոտյան, «Վանաձոր-ՋԷԿ»-ի բակում են հավաքվել «Ռեջիոն Էներջի» ընկերության աշխատակիցները եւ պահանջում են 2011թ.-ի 4 ամիսների իրենց աշխատավարձը:
2011թ.-ին լուծարվելով, ընկերությունն անցել է «Վանաձոր-Քիմպրոմի ենթակայության տակ: Ներկայումս, սակայն, երբ լուծարված է թե «Ռեյջոն Էներջին», թե «Վանաձոր-Քիմպրոմը», աշխատողները չեն կարողանում ստանալ 5 տարի առաջ ստանալիք աշխատավարձն ու վերջնահաշվարկի գումարը:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ըստ ցուցարարների, ընկերության աշխատավարձի պարտքի մայր գումարը կազմում է 65 մլն դրամ, տույժ-տուգանքների հետ միասին պարտքի ընդհանուր չափը 130 մլն դրամ է:
«Ռեջիոն Էներջիի» գործունեության տարիներին որպես գործադիր տնօրեն աշխատած Էդիկ Հունանյանն ասում է, որ խնդիրը չի կարգավորվել նաեւ դատական ատյաններ դիմելուց ու դատը շահելուց հետո:
«Դատական վճիռ է կայացվել, գնացել է ԴԱՀԿ, «Ռեջիոն Էներջին» գնացել է լուծարման, հիմա Ռեջիոնի համար լուծարման կառավարիչ է նշանածված, որը աշխատավարձի հետ կապված որեւէ քայլ չի կարողանում կատարել: Եվ մարդիկ չգիտեն ո՞ւմ դիմեն, ո՞ւմից ստանան իրենց գումարը,- ասում է գործադիր տնօրենը:
Վերջինիս խոսքով «Ռեջիոն Էներջիի» սեփականատերն այժմ հանդիսանում է Արդշինբանկը եւ աշխատողները հարցի կարգավորումն ակնկալում են սեփականատիրոջից ու ՀՀ կառավարությունից:
Ի դեպ, «Ռեջիոն Էներջիի» աշխատակիցների մեծ մասը 2011թ.-ից հետո աշխատել է «Վանաձոր-Քիմպրոմում», որոնց ընկերությունն այս տարվա մարտից աշխատավարձ չի վճարել: Հունիսի 30-ին քիմպրոմի աշխատողների գերակշիռ մասն ազատվել է աշխատանքից, մնացել են միայն անվտանգության աշխատակիցներն ու նյութական պատասխանատուները:
Լրագրողների միջոցով բարձրաձայնելով խնդիրը, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում որեւէ դրական պատասխան չստանալու դեպքում նրանք պատրաստ են օգոստոսի 10-ին կրկին հավաքվել ու դիմել ավելի կտրուկ քայլերի:






























