Բժիշկները ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք են մուտք գործել իրենց մասնագիտական պարտքը կատարելու համար եւ նրանց որպես պատանդներ ներկայացնելը ճիշտ չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» անդամների նկատմամբ ՀՀ ՔՕ-ի 218-րդ հոդվածի 3-րդ (պատանդ վերցնելը) մասի հատկանիշներով մեղադրանք առաջադրելուն:

«Հուլիսի 29-31-ը իբրեւ այդ  բժիշկները պատանդի կարգավիճակում են գտնվել մեր պաշտպանյալների մոտ: Բայց ունենք փաստեր, որ բժիշկները մուտք են գործել տարածք իրենց մասնագիտական առաքելությունը կատարելու համար, նրանք գնացել են բուժօգնություն ցույց տալու նրանց, որոնք իշխանությունների կողմից բացված կրակից վիրավորումներ են ստացել: Երբ ստեղծվել է այն իրավիճակը, երբ տեղում բժշկական օգնություն ցուցաբերելու հնարավորություն չի եղել, խնդրել են նրանց մնալ տեղում եւ օգնություն ցույց տալ: Իրենք ասել են` թող հերթափոխը գա եւ ձեզ փոխարինի, որպես պատանդ այնտեղ որեւէ մեկը չի պահվել: Իրենք մշտապես հեռախոսակապ են ունեցել եւ ում հետ ցանկացել խոսել են: Դատարանում շահարկվում է այն փաստը, իբր գնդի տարածքում ազատ չեն կարողացել տեղաշարժվել, բայց ինչպե՞ս կարող էին ազատ տեղաշարժվել, երբ անընդհատ գնդակոծություններ են տեղի ունեցել, նրանք չեն կարողացել ազատ տեղաշարժվել, որովհետեի իրենց անվտանգության հետ կապված խնդիր է եղել»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ «Սասնա ծռերի» անդամներին  ՀՀ ՔՕ-ի 218-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք առաջադրելն  անհիմն է:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» բոլոր  անդամները կալանավորվել են: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):