Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ՌԴ պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունների հետ կապված իր տեսակետներն է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ-ին եւ պարզաբանումներ ստացել: Այս մասին մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում Հայաստանի դեպսնատունը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի մեկնաբանությունը Վլադիմիր Ժիրինովսկու կողմից արված արտահայտությունների շուրջ։ Պարոն Ժիրինովսկուն միշտ էլ բնորոշ է եղել քաղաքական անհեթեթությունը, որի վառ դրսեւորումներն են տարբեր հարցերի առնչությամբ նրա կողմից արված անլուրջ մեկնաբանությունները: Այս առումով լրջորեն վերաբերվել Հայաստանի վերաբերյալ արտահայտություններին եւ հատկապես փորձել դրանք ներկայացնել դրանք որպես Ռուսաստանի դիրքորոշում, նույնպես անլրջություն է:

Պարբերաբար Ժիրինովսկու կողմից երեւույթների արտառոց մեկնաբանությունները դարձել են նրա քաղաքական գոյատեւման դրսեւորումներից, որոնց նպատակ է ուշադրություն հրավիրել սեփական անձի վրա։ Դա հատկապես, ակնառու է սեպտեմբերին Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:

ՌԴ պետդումայի էկսցենտրիկ պատգամավորի ցինիկ արտահայտությունների մասին մեր տեսակետներն ենք հայտնել ՌԴ ԱԳՆ, որտեղից համապատասխան պարզաբանումներ ենք ստացել»:

Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ պարզաբանում է ներկայացրել ՌԴ ԱԳՆ-ն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՌԴ պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել էր, թե «թքած Հայաստանի վրա»: Անդրադառնալով Երեւանում վերջերս տեղի ունեցած իրադարձություններին, նա ասել էր. «Մարդկանց համար ի՞նչ է Հայաստանը: Այնտեղ պարբերաբար ելույթներ կլինեն: Փոքրիկ, լեռնային երկիր է, լեռների միջեւ, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ սեղմված, ոչ մի հեռանկար, տնտեսություն չունի: Այնտեղ արդեն մեկ միլիոն հայ է մնացել: Բոլորը փախել են: Լիբանան, Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, Նահանգներ. ամբողջ աշխարհով թափառում են:   Այնտեղ ապրելու տեղ չկա, լեռներ են: Բնականաբար, այնտեղ տարբեր խմբավորումներ իրար հանդեպ զզվելի բաներ կանեն: Եթե մեզ վրա թքեն, բազան հետ կվերցնենք: Մեր ոտքերի առաջ կթավալվեն բազան վերադարձնելու համար: Այդ բազան նրանց փրկությունն է, հակառակ դեպքում նրանց երկու կողմից կջնջեն թուրքերն ու ադրբեջանցիները: Այդ պատճառով Հայաստանի համար չարժե անհանգստանալ: Նրանք երբեք մեզնից չեն հրաժարվի, որովհետեւ այդ դեպքում նրանց վերջը կգա` ամբողջությամբ»: