Ես ոչ մի ընդհանրություն չեմ տեսնում Սասնա ծռեր խմբի ու Նաիրի Հունանյանի (1999-ի հոկտեմբերի 27-ի – խմբ.) գործողությունների միջեւ: Այս մասին օգոստոսի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա ափսոսանք է հայտնել երկու ոստիկանների զոհվելու կապակցությամբ: «Դուք հիշում եք իմ կոչը նախագահական ընտրությունների ժամանակ (2013-ի –խմբ)՝ «ոչ մի զոհ», իսկ հիմա զոհեր կային ու մենք դեռ չգիտենք, թե ինչ հանգամանքներում են եղել այդ զոհերը: Կային նաեւ վիրավորներ, բայց ես տեսնում եմ ոչ միայն հասարակական աջակցությունը «Սասնա ծռերի» գործողություններին, այլեւ հույս, որ մենք պետություն կունենանք: Եվ Երեւանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանի ու մյուսների ազատ արձակումը, նաեւ շատ այլ ազդակներ ցույց են տալիս, որ այդ երկու գործողությունների միջեւ շատ տարբերություններ կան» - ամփոփել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
1999-ի հոկտեմբերի 27-ին, Հայաստանի ԱԺ հերթական նստաշրջանի ժամանակ դահլիճ էին ներխուժել զինված մարդիկ: Նրանք պահանջել էին պատգամավորներից անջատել խոսափողները ու պառկել գետնին: Ահաբեկիչները, ականատեսների վկայությամբ, եղել են ծայրաստիճան գրգռված վիճակում ու հայտնել են, որ պետական հեղաշրջում են իրականացնում: Նրանց առաջնորդը Նաիրի Հունանյանն էր: Սպանվել էին ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանը ու վարչապետ Վազգեն Սարգսյանը, պատգամավորներ ու նախարարներ:





























