«Սասնա ծռերը» ոչ թե ընդամենը հեղափոխական շարժում է, այլ ամբողջ հայ ժողովրդի պահանջն ու շարժումը: Այս մասին օգոստոսի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով այն հարցին՝ արդյոք կապ կա «Ժառանգություն» կուսակցության անդամների ու զինված խմբի անդամների միջեւ, որոնք հուլիսի 17-ին գրավել էին Ոստիկանության ՊՊԾ գունդը:

Նրա խոսքով պայքարը կշարունակվի: «Անկախ նրանից, որ հիմա վիրավորված ու բանտարկված են «Սասնա ծռեր» խմբի խորհրդանիշներ Պավլիկ Մանուկյանն ու «Միայնակ գայլը» (Արայիկ Խանդոյանը-խմբ), անկախ նրանից, որ կալանավորված են Դավիթը, Արմենն ու Հովսեփը ( «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները-խմբ) պայքարը կշարունակվի: Եվ մենք պետք է պայքարը տրամաբանական ավարտին հասցնենք: Եթե մենք չանենք դա, ապա կկորցնենք նաեւ մեր հայրենիքի այս փոքր մասը: Մեզ այլ ճանապարհ չի մնացել: Սա է միակ ճանապարհը»- շեշտել է Զարուհի Փոստանջյանը: