«Սասնա ծռեր» խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանի եւ Արամ Հակոբյանի փաստաբան Լուսինե Հակոբյանն այսօր՝ օգոստոսի 3-ին, Վերաքննիչ դատարան է բողոքարկել իր պաշտպանյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշումը:

Լուսինե Հակոբյանը նշեց, որ ոստիկանության տարածած այն հայտարարությունը, թե իր պաշտպանյալները հուլիսի 27-ին հանձնվել են իրավապահներին, չի համապատասխանում իրականությանը: Գագիկ Եղիազարյանի եւ Արամ Հակոբյանի մարմնի տարբեր հատվածներում կապտուկներ են հայտնաբերվել, որն էլ վկայում է այն մասին, որ նրանց ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից բռնությամբ են դուրս բերել:

Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում:

Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին ոստիկանությունը հայտարարել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել «Սասնա ծռերի» անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: