Օգոստոսի 6-ից քաղաքացիներին հնարավորություն է տրվելու ստանալ հին նմուշի անձնագիր, ինչը պայմանավորված է Սահմանդրական դատարանի որոշմամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։

Այս որոշումը ուժի մեջ է լինելու մինչեւ 2019 թվականը։ Նշենք, որ 2012 թվականից քաղաքացիները հին նմուշի անձնագիր ստանալու իրավունք չունեին, միայն կարող էին երկարացնել ժամկետը մեկ անգամ հինգ տարով։ Կարող էին ստանալ նույնականացման քարտ, որով հնարավոր չէր հատել երկրի սահմանը։  երկրից դուրս գալու համար ստիպված էին ստանալ կենսաչափական անձնագիր, ինչի դիմաց վճարում էին 25 հազար դրամ։

«Որոշակի կատեգորիայի մարդիկ հրաժարվում էին  բիոմետրիկ անձնագիր ստանալ կրոնական համոզմունքներից ելնելով։ Մարդու իրավուքների պաշտպանը  դիմել էր Սահմանադրական դատարան եւ դատարանն էլ նման որոշում կայացրեց։ Կային անձինք, որոնք երկու տարուց ավել հրաժարվում էին ստանալ այդ փաստաթուղթը եւ ամեն անգամ ստիպված էին «9-րդ ձեւ» կոչվող փաստաթղթով իրենց հարցերը լուծել։ Պետք էր պայման ստեղծել այդ անձանց համար, որոնք չեն ուզոմ ստանալ էկեկտրոնային փաստաթղթեր։ Նախատեսվեց պարտադիր պահանջ, որ պետական մարմինները միջոցներ ձեռնարկեն անձնագրերի ժամկետը երկարացնելու համար։ Երբ անձնագիրը մեկ անգամ 5 տարով երկարացվելու է, երկորդ անգամ հնարավոր չէ, դա հակասում է միջազգային պահանջներին, լուսանկարն է հնանում, այսինքն՝ մի քանի հանգամանքերով պայմանավորված հնարավոր չէ։ Այդ իսկ պատճառով որոշվեց այս փոփոխությունը»,-ասաց Մնացական Բիչախչյանը։

Ինչ վերաբերում է այն լուրերին, որ բիոմետրիկ անձնագրերի բացակայության պատճառով է պայմանավորված այս փոփոխությունը, նշեց․ «Կենսաչափական անձնագրերի պայմանագիրը կնքված էր Լեհաստանի հետ, որի   ժամկետը լրանում էր 2017-ի հունվարին։ Քանի որ լրանում էր ժամկետը, այդ պատճառով քիչ խմբաքանակ պատվիրեցինք։ Մտածեցինք՝ նոր մրցույթ է հայտարավելու ու կարող է նոր որակյալ պահանջներ ներկայացնել, օրինակ նոր տենդերի պարագայում այնպիսի պահանջ ներկայացնենք, որ լուսանկարի էջը լինի պլաստիկ եւ դիմացկուն։ Այսինքն՝ խնդիրը ոչ թե Լեհաստանից բերվող խմբաքանակի պակասի հետ է կապված, այլ Ազգային ժողովում որպես  փոփոխության հիմնավորում ներկայացվել էր Սահմանդրական դատարանի որոշումը»։

Անձնագրային եւ վիզաների վարչության պետը նշեց, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո էլ քաղաքացիները եթե ցանկանան, կարող են ստանալ բիոմետրիկ անձնագիր,  պարզապես դա պարտադիր չի լինելու, ինչպես նախկինում։

Բիչախչյանը նշեց, որ հին նմուշի անձնագրի համար վճարելու են 1000 դրամ։