Անընդունելի է Հայաստանում զինված ապստամբության միջոցով իշխանափոխություն անելը: Այս մասին օգոստոսի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը՝ անդրադանալով Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման եւ դրան հաջորդած իրադարձություններին:
Նրա խոսքով՝ արտագաղթը, աղքատությունը, օրենքների չգործելը, սոցիալական անարդարությունը, իհարկե, բոլորի, այդ թվում՝ զինված խմբի անդամների դժգոհությունն են առաջացրել:
«Հանրապետությունում իրոք լուրջ խնդիրներ կան: Այդ մասին ինքը՝ նախագահն էլ հայտարարեց հասարակության սեկտորի ներկայացուցիչների հետ հանդիպմանը»,- նշել է Սարգսյանը:
«Բնականաբար, բոլորս էլ ցանկանում էինք, որ իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծվեր, եւ, բարեբախտաբար, այդպես էլ եղավ: Մենք ինչպես հանրապետության իրավապահ մարմիններին, այնպես էլ իշխանություններին կոչ ենք անում լրջորեն վերաբերվել ստեղծված իրավիճակին եւ միջոցառումներ ձեռնարկել համանման իրադարձությունների կրկնողություն թույլ չտալու համար»,- ասել է կոմկուսի ԿԿ առաջին քարտուղարը՝ հավելելով, որ լուրջ բարեփոխումների ժամանակն է: