Անհասկանալի է, երբ ժողովրդին հրավիրում են փողոց ու Սերժ Սարգսյանի հետ գաղտնի բանակցություններ են վարում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, իր ֆեյսբուքյան էջով ուղիղ եթերում նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ինչո՞ւ ինքը չներգրավվեց Խորենացի փողոցում Հակաճգնաժամային խորհրդիկազմում, Փաշինյանը պատասխանեց. «Եթե լիներ միայն Վիտալի Բալասանյանի հայտարարությունն այն մասին, որ Սեֆիլյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, գուցե ես լինեի այդ խորհրդում, բայց նաեւ Վարուժան Ավետիսյանն էր ասել, որ կա երրորդ տարբերակ, որը չի ենթադրում Սերժ Սարգսյանի հրաժարականը: Սա ենթադրում է, որ Սերժ Սարգսյանի ու «Հիմնադիր խորհրդարանի» միջեւ քննարկվում է մի տարբերակ, որով Սերժ Սարգսյանի հրաժարականը կարեւոր պահանջ չէ: Ի՞նչ է նշանակում՝ ժողովրդին հրավիրել փողոց ու Սերժ Սարգսյանի հետ գաղտնի բանակցություններ վարել: Ամսի 23-ին իմ ելույթից հետո Ալեք Ենիգոմշյանը ելույթ ունեցավ ու ասաց, որ Վիտալի Բալասանյանը խեղաթյուրում է իրականությունը, այլ ոչ թե սուտ է ասում: Հաջորդ օրը նա ավելի հեռուն գնաց ու, ըստ էության՝ կրկնեց այն, ինչ ասել էր Վարուժան Ավետիսյանը: Հետո հրապարակվեց Սեֆիլյանի նամակը, որտեղ մի բառ անգամ չկար Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին»:

Նրա խոսքով, հուլիսի 22-ին, իրենք եկան Խորենացի ու ձեւակերպեցին Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ որպես թիվ մեկ պահանջ, բայց ընդամենը դրանից մի քանի ժամ անց պարզվեց, որ «Հիմնադիր խորհրդարանը», որը քաղաքական մասն էր ապահովում «Սասնա ծռերի» գործողությունների, Սերժ Սարգսյանի հրաժարականը հետ է քաշել օրակարգից: «Մենք ընտրության առաջ էինք կանգնել՝ ի՞նչ անել: Մենք որոշեցինք իջնել հարթակից»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Ամսի 23-ից հետո չտեսան Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու ճանապարհը: Անհասկանալի էր, թե ինչ խնդիրներ է իր առաջ դնում այս շարժումը»: