ՀՀ պետեկամուտների կոմիտեն ներդրվել է հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցերի կնքման ինստիտուտը:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս դեպքում վերացվում է հարկ վճարողի գույքի եւ դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը: Ժամանակացույցերի կնքման վերաբերյալ դիմումների ներկայացման ընթացքը, քանակը եւ ժամանակացույցով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման դինամիկան ապացուցում է, որ այն իրապես արդյունավետ է:
ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի դիտարկմամբ` 2016 թվականի առաջին կիսամյակում կատարված մի շարք օրենսդրական փոփոխություններով ապաքրեականացվել են մաքսանենգության որոշ տեսակներ: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքով վերանայվել է «մաքսանենգության» սահմանումը եւ օրենսգրքով որպես մաքսանենգություն սահմանվել են միայն դրա առանձին դրսեւորումները. «Սա նշանակում է, որ առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, մաքսային եւ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելով կամ ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձեւով չհայտարարագրելով, ոչ իր անվամբ հայտարարագրելով խոշոր չափերի` մեկ միլիոն դրամի կամ ավելի մաքսային արժեքով որոշ ապրանքների տեղափոխումը կամ ակցիզային դրոշմանիշով չդրոշմավորված 200 հազար դրամի եւ ավելի ապրանքների տեղափոխումը ՀՀ մաքսային սահմանով այլեւս հանցագործություն չի համարվում. նման արարքների համար նախատեսվում է միայն վարչական պատասխանատվություն»:
Իսկ հանրային վտանգավորություն ներկայացնող առանձին դեպքերի` վտանգավոր նյութերի, պայթուցիկների, ռազմամթերքի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մշակութային արժեքների, ՀՀ օրենդրությամբ սահմանված չափից ավելի կանխիկ դրամական եւ այլ վճարային միջոցների մաքսանենգությունը շարունակելու է համարվել քրեորեն պատժելի:





























