Իշխանությունն իր գործունեությամբ ձեւավորել է իշխանափոխության պատվեր, որն էլ իր հերթին առաջնային է դարձրել ժողովրդի ապստամբելու իրավունքը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Նրա խոսքով, դեռեւս 2008-ի մարտի 1-ից հետո հասարակությունը հույս ուներ, որ երկրում որոշակի փոփոխություններ կլինեն. «Խնդիրը քննվեց անգամ ԱԺ-ի կողմից, որեւէ արդյունք չեղավ, որեւէ հետեւություն չարվեց: Հակառակը, իշխանությունը դա ընդունեց որպես գործելակերպ: Նոր հույս առաջացավ Արցախում քառօրյա պատերազմից հետո, որը վերելք ապահովեց, արթնացրեց հասարակությանը:
Մենք հույս ունեինք, որ այդ պայմաններում, երբ բացահայտվեցին խորը լուրջ թերություններ, անհրաժեշտ քայլեր կարվեն, սակայն էլի չարվեցին»:
Գիմիշյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ իշխանությունները շատ հարցեր լուծում են ահաբեկչության միջոցով, որի իրավունքն իրենք ընդհանրապես չունեն, իսկ ժողովուրդն արդեն հասել է ապստամբության, որի իրավունքն ունի:
«Երբ Մարտի 1-ին ոստիկանը կրակեց ու սպանեց հայ քաղաքացուն, դրանից հետո հայ քաղաքացին ոստիկանի հետ իրավունք ունի անել այն ամենը, ինչ կհամարի ճիշտ: Ամեն ինչ փոխադարձ է: Իրավունքի տեսանկյունից ժողովրդի իրավունքն ավելի բարձր է, քան իշխանությանը: Իշխանությունն ունի բազմաթիվ սահմանափակումներ:
Այն գործողությունները, որոնք իշխանությունը կատարեց ապստամբ տղաների նկատմամբ, բոոլորն անօրինական են: Իշխանությունը գնաց նրան, որ քրեական տարրեի հետ միասին գնաց ժողովրդին ծեծելուն, այսինքն հավասարվեց քրեականներին»,-ընդգծեց նա:





























