Երեւանի Ազատության հրապարակում ընթանում է հանրահավաքը՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ հանրահավաքը վարող չունի, նախորդ օրերին հանրահավաքը վարող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանին այսօր՝ օգոստոսի 4-ին բերման են ենթարկել Հատուկ քննչական ծառայություն:

Հանրահավաքում ելույթ են ունենում պատահական քաղաքացիները, նրանցից մեկին հենց ելույթի ժամանակ հեռացրին ամբիոնից, երբ օրհնեց ոստիկանությանը։

Քաղաքացիական ակտիվիստ Անի Նավասարդյանն էլ կոչ արեց, անկախ լիդեր լինել-չլինելու հանգամանքից, ամեն օր, ժամը 19-ին հավաքվել Ազատության հրապարակում։

Նշենք, որ հանրահավաքի մասնակիցների թիվն օրեցօր նվազում է, իսկ բազմության մեջ շատերը դժգոհում են հանրահավաքների անկազմակերպ բնույթից, երբ ով պատահի ելույթ է ունենում՝ առանց կոնկրետ անելիքներ առաջադրելու։