«Ժառանգություն» կուսակցության նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այս մասին այսօր` օգոստոսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանում «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն` անդրադառնալով վերջին օրերին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանի եւ Հովսեփ Խուրշուդյանի կալանավորմանը: 

«Այսպիսի քաղաքական ռեպրեսիաներ Հայաստանում  չեմ հիշում: 2008թ. մարտի 1-ից հետո ես որպես պատգամավոր ցանկացած կալանավորվածի մոտ մտել եմ, փաստաբաններն էլ են մտել, բայց այսօր փակել են բոլոր դռները: Սա քաղաքական հետպնդման աննախադեպ աստիճան է Հայաստանում, որի արդյունքում «Բարեւ Երեւան» խմբակցությունը եւս պարալիզացվել է: Մեր խմբակցությունը հինգ անդամ ունի, որից երկուսը կալանավորվել են, ՀՔԾ-ն մեր աշխատանքը խոչընդոտում է, այդ մարդիկ երեւանցիների կողմից ընտրված մարդիկ են` գրագետ, հայրենասեր: Բանտարկել եք, որ ի՞նչ: Ինչքան հետեւում ենք փաստաբանների տեղեկություններին, ավելի եմ համոզվում, որ սա քաղաքական հետապնդում է նաեւ «Ժառանգություն» կուսակցության նկատմամբ»,-ասաց նա:

Անդրադառնալով նրանց ներկայացված մեղադրանքներին, Բախշյանն ասաց. «Այդ որակումը որ տվել են` զանգվածային անկարագությունների կազմակերպում, պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոստիկանությունն է այդ անկարգությունների կազմակերպողը: Ինչ է գրված ՀՀ սահմանադրության մեջ. Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ բոլորն իրավունք ունեն իրենց տեսակետն արտահայատելու: Եվ չմոռանանք, որ Արմենն այն պատգամավորն էր, որն իր մարմնով մարտի 1-ին ոստիկանի կյանքը փրկեց եւ այսօր նրա դեմ այսպիսի անհիմն մեղադրանք է առաջադրվել»,-ասաց Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության անդամներ Հովսեփ Խուրշուդյանն ու Դավիթ Սանասարյանը Երեւանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորվել են: