Առանց ծանուցագրի այսօր՝ օգոստոսի 5-ին, ոստիկանություն բերման ենթարկված, «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների մորը՝ տիկին Նվարդին, ազատ են արձակել պայմանով, որ այսօր ժամը 19։00-ին կրկին ներկայանա ոստիկանության բաժին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Նվարդ Կյուրեղյանը։ 

Նշենք, որ  այսօր առավոտյան, երբ Նվարդ Կյուրեղյանը որդիներին սնունդ տանելիս է եղել, ոստիկանները տան մոտից բերման են ենթարկել բաժին։ Տիկին Նվարդը մեզ հետ զրույցում ասաց, որ երեկոյան կներկայանա փաստաբանի հետ միասին։ Դեռեւս հայտնի չէ՝ ով է ստանձնելու նրա պաշտպանությունը։

«Հավանաբար քրեական գործ է հարուցվել, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում։ Ուղղակի շատ զարմացած եմ։ Առանց ինձ տեղյակ պահելու, ծանուցագիր ցույց տալու, տարել են, երբ ես պատրաստվում էի այսօր որդիներիս առաջին անհրաժեշտության իրեր ու սնունդ տանել»,-ասաց տիկին Նվարդը։

Նշենք, որ  նրան բերման են ենթարկել իբրեւ հուլիսի 17-ին իր մոտ հայտնաբերված սառը զենքի գործով։ Սակայն Նվարդ Կյուրեղյանն ասաց, որ հուլիսի 17-ին իր մոտ դանակ չի հայտնաբերվել։ 

«Դա իմ մոտ չի հայտնաբերվել։ Առավոտյան ժամը 6-ին եկել են տնից բռնի տարել, ձեռքերս կապտուկների մեջ: Առանց խուզարկության իրավունքի, կահույքի միջից հանեցին Արեգի զինվորական ուսապարկը, քրքրեցին, վերցրեցին ու ինձ էլ հետները տարան ոստիկանություն։ Իսկ էնտեղ գրել են, որ երեկոյան ժամը 18-ին բակից բերման են ենթարկել։ Ինձ իրենք տնից են տարել, վերցրել բանալիները եւ հեռախոսս»,-ասաց նա:

Նշենք, որ տիկին Նվարդի երեք որդիներն էլ անազատության մեջ են, երկուսը «Սասնա ծռեր» խմբի գործով, մեկը՝ ոստիկանի վրա օդամղիչ ատրճանակ պահելու համար։