Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային քննարկում է ունեցել «Human Rights Watch» միջազգային կազմակերպության փոխտնօրեն, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով ղեկավարի տեղակալ Ջեյն Բյուքենենի եւ նույն կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիայի հետ եւ նրանց ներկայացրել ոստիկանության կողմից թույլ տրված խախտումների մասին տեղեկությունները:

ՄԻՊ-ի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում ընդգծվել է ոստիկանության կողմից թույլ տրված խախտումների, քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին տեղեկությունների հիման վրա մանրամասն ու հաշվետու քննություն իրականացնելու կարեւորությունը: Պաշտպանը Ջ. Բյուքենենին եւ Գ. Գոգիային տեղեկացրել է, որ արդեն իսկ համապատասխան նյութերն ուղարկել է քրեական հետապնդման մարմիններին՝ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում դրանք քննարկելու նպատակով:

Քննարկվել է նաեւ ատելության խոսքի դեմ պայքարի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, այդ ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները: Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման ուղղությամբ իր եւ իր աշխատակազմի գործունեությունը՝ կալանավորված կամ ձերբակալված անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման վիճակի ուսումնասիրության նպատակով:

«Human Rights Watch» միջազգային կազմակերպության ներկայացուցիչները կարեւորել են Պաշտպանի հետ հանդիպումը՝ պատրաստակամություն հայտնելով հետագայում եւս շարունակել համագործակցությունը: