Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորված «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը կարծում է, որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: NEWS.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Հովիկ Արսենյանը նշեց, որ Դավիթ Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, նրան մեղսագրել են արարք, որը  չի կատարել:

«Նրա դեմ երկու ոստիկան են ցուցմունք տվել, այլ ապացույց գոյություն չունի, չի էլ կարող ունենալ, որովհետեւ ինքը լրագրողների մոտ է եղել եւ երբ իրավիճակը սրվել է, հեռացել է դեպքի վայրից»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ Դավիթ Հովհաննիսյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Հովիկ Արսենյանը նշեց, որ օգոստոսի 8-ին Դավիթ Հովհաննիսյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացնելու Վերաքննիչ դատարան: 

Դավիթ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: