Ռուսաստանում «վհուկների որսը» անցնում է բանականի սահմանները: Չնայած ՄԻԱՎ-ով վարակվածների թվի կտրուկ աճին, Ռուսաստանում պահանջում են «օտարերկրյա գործակալ» ճանաչել արդեն հինգերորդ ռուսաստանյան ոչ առեւտրական կազմակերպությանը, որն օգնում է պայքարել այդ մահացու վտանգավոր վարակի դեմ:
Այս անգամ դատախազության նշանառության տակ է հայտնվել Պենզայի մարզի Կուզնեցկ քաղաքից «Համադարման» ՀԿ-ն. քաղաքային դատախազը համարել է, որ ՄԻԱՎ-ի կանխարգելման նպատակով «ռիսկի խմբի» մեջ մտնող տեղացի բնակիչներին պահպանակներ եւ ներարկիչներ բաժանելու գործունեությունը «Ռուսաստանի շահերին հակասող կարգի ներդրում է», գրում է «Կոմերսանտ» թերթը:
ՀԿ-ի ղեկավարությունն արդեն հայտարարել է, որ մտադիր է վերացնել կազմակերպությունը, որից դատախազությունը պահանջում է իրեն «օտարերկրյա գործակալ» ճանաչել: Տարածաշրջանային բժիշկները զգուշացնում են, որ Կուզնեցկում ՄԻԱՎ-ի հետ կապված իրավիճակը մոտ է կրիտիկականին եւ «Համադարմանի» փակումը կարող է աղետի հանգեցնել:
Հենց Կուզնեցկում եւ Կուզնեցկի շրջանում է ձեւավորվել ՄԻԱՎ վարակի հետ կապված ամենակրիտիկական իրավիճակը. մարզում 100 հազար մարդուն միջինը 179 հիվանդ է բաժին ընկնում, իսկ Կուզնեցկում` 442, ընդ որում, այդ քաղաքը երկրորդ տեղն է զբաղեցնում ՄԻԱՎ-ով հիվանդացման նոր դեպքերի թվով, զիջելով միայն Պենզային:





























