Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ տեղի ունեցած հանդիպումը կառուցողական է անվանել:
Բանակցությունների արդյունքներով տեղի ունեցած մամուլի ասուլիսին Պուտինն ընդգծել է, որ այդ հանդիպումը շատ կարեւոր նշանակություն ունի Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների հետագա ճակատագրի համար:
«Տեղի է ունեցել առարկայական եւ, կցանկանայի ընդգծել, կառուցողական խոսակցություն երկկողմանի կապերի ամբողջ համալիրի, ինչպես նաեւ միջազգային օրակարգի վերաբերյալ»,- ասել է Պուտինը:
ՌԴ-ն մտադիր է փուլ առ փուլ հանել թուրքական ընկերությունների նկատմամբ բոլոր սահմանափակումները, որ մտցվել էին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24-ի գրոհից հետո, հայտարարել է ՌԴ նախագահը:
«Նկատի ունենք փուլ առ փուլ չեղարկել նախկինում թուրքական ընկերությունների նկատմամբ սահմանված հատուկ տնտեսական միջոցառումները եւ սահմանափակումները»,- ասել է Պուտինը:
Նա նաեւ նշել է, որ «Աքույու» ատոմային էլեյտրակայանի եւ «Թուրքական հոսքի» վերաբերյալ քաղաքական որոշումները Թուրքիայի ղեկավարության կողմից ընդունվել են:
Անկարան ՌԴ զբոսաշրջիկների համար անվտանգության երաշխիքներ է տրամադրել, կմտածենք չարթերների վերականգնման մասին, հայտնել է նախագահը:
Ռուսաստանը եւ Թուրքիան ընդհանուր փոխըմբռնում ունեն ահաբեկչության դեմ պայքարի հարցերում, նշել է Պուտինը:





























