«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի դեմ հարուցված երկու քրեական գործերը փակուղուց դուրս բերելու համար են դրանք միացրել «Սասնա ծռեր» խմբի քրեական գործին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

«Ապրիլի 24-ի դեպքերի առնչությամբ  հարուցված քրգործը 1 ու կես տարի է՝ քննվում է, որեւէ գործողություն չի կատարվել: Մյուսը՝ զենք ձեռք բերելու, պահելու գործը, արդեն 2 ամիս է՝ փակուղում է, Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությամբ ոչ մի գործողություն չի կատարվել»,- ասաց պաշտպանը:

Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ քննչական մարմնի բերած պատճառաբանությունը, ոստ որի գործերը միացվել են բազմակողմանի քննություն անելու համար, հիմնավոր չէ:

«Եթե բազմակողմանի քննություն անելու համար գործը մի քննչական մարմնից փոխանցվում է մյուսին, տպավորություն է, որ օբյեկտիվ քննություն չի կարատվել»,- ասաց նա:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Միեւնույն ժամանակ, «Սասնա ծռեր» խմբի քրեական գործին է միացվել անցած տարվա ապրիլին «Հիմնադիր խորհրդարանի» մի քանի անդամների դեմ հարուցված քրեական գործը: