5900 B.C:  Սա է այն կիսաշրջազգեստի տարիքը, որի պատառիկները 2011 թվին հայտնաբերել են Հայաստանի հնագետները: Նրանք որոշել են այդ թիվն ընտրել որպես հագուստի նոր ապրանքանիշի անվանում, որը մշակվում է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման ծրագրով (UNIDO), Ռուսաստանի կառավարության աջակցությամբ:  Հայաստանի ընկերություններում մի քանի ամիս աշխատել են իտալացի դիզայներները: Ստեղծված հավաքածուները մարտի սկզբին արդեն երկրորդ անգամ ցուցադրվել են Մոսկվայում: Մանրամասները    NEWS.am-ի հետ զրույցում ներկայացնում է UNIDO-ի «Հայաստանի տեքստիլ եւ կարի ոլորտների մրցունակության բարձրացում» ծրագրի համակարգող Արաքսիա Գրիգորյանը:    

5900 B.C ապրանքանիշը ե՞րբ կհայտնվի ռուսաստանյան մոլլերում:  Եվ ինչո՞ւ պետք է դրա վրա ուշադրություն դարձնեն հարյուրավոր ուրիշների կողքին:

Ուշադրություն կդարձնեն, թե ոչ, մեզանից է կախված: Հագուստի շուկայում արագ արդյունքների չեն սպասում:  Այժմ մենք արդեն բանակցություններ ենք վարում ռուսաստանյան խանութների 15 խոշոր ցանցի հետ, նրանցից նմուշներ ենք ստացել, որոնց հիման վրա փորձնական հավաքածուներ կստեղծեն հայկական 8 ընկերությունից դիզայներներ եւ կոնստրուկտորներ, որոնք քաջություն են ունեցել մասնակցելու  5900 B.C ծրագրին: Այդ ընկերություններից յուրաքանչյուրը մասնագիտանում է հագուստի տարբեր մասերի  եւ խմբերի վրա: 

Իսկ հայկական ապրանքանիշի մասին ե՞րբ եւ ինչպե՞ս են իմացել Ռուսաստանում: 

2015-ի սեպտեմբերին մենք մեր հավաքածուն ցուցադրեցինք Մոսկվայում երկու ցուցահանդեսի ընթացքում` «Տեքստիլլեգպրոմում» եւ ՌՄՄ-ում: Իսկ փետրվարին երկրորդ անգամ գնացինք ՌՄՄ:  Այդ հանդիպումների արդյունքում մենք կապեր հաստատեցինք մի քանի առեւտրական ցանցի հետ: Այժմ սկսում ենք համագործակցել նրանց հետ: Այդ աշխատանքը հեշտ չէ: Նախ նրանք կուսումնասիրեն մեր արտադրական հնարավորությունները, հետո ցույց կտան հագուստի իրենց հավաքածուները, կնայեն, թե արդյոք մենք կարող ենք ինչ-որ բան անել դրանց հիման վրա:  Հետո կդիտեն մեր նմուշները: Եվ այդ ժամանակ միայն կորոշեն` արդյոք կնքել պայմանագիր: Այդ ամենը կես տարի, մեկ տարի է տեւում: 

Նորաձեւությունն արագ է փոփոխվում եւ խոշոր ցանցերը մեկ տարվա ընթացքում մոտ   30 նոր հավաքածու են ստեղծում: Բայց կան բազային մատրիցաներ, որոնց վրա ստեղծվում է նոր դիզայնը: Դա, ըստ էության քայլ է դեպի մատրիցայի այս կամ այն կողմը. այստեղ` գրպան կամ այնտեղ` կոճակ (պարզեցված եմ խոսում, իհարկե): Մեր ձեռնարկությունները յուրացրել են այդ մատրիցաները: Դա հենց մեր ծրագրի հիմնական նպատակներից մեկն էր:

Իտալացի մոդելավորողներն օգնե՞լ են այդ հարցում:

Այո, այստեղ նրանք ուսումնական դասընթացներ անցկացրեցին, դրանց արդյունքում մեր վարպետները հորինեցին եւ կարեցին առաջին հավաքածուն: Դրանից հետո մեր մի քանի մասնագետ վերապատրաստում անցավ Միլանում   «Burgo նորաձեւության ինստիտուտի» դպրոցում: Այժմ Երեւանում գործում է «Atex-Burgo» դպրոցը, որտեղ հագուստի կոնստրուկտորների կպատրաստեն: Մենք հենց նրանց կարիքն ունենք:   

Դեռեւս իտալացիները մեզ սովորեցրել էին մեկ սեզոն առաջ հետեւել նորաձեւության միտումներին: Դրա շնորհիվ մենք կկարենք ոչ թե այն, ինչ նորաոճ է, այլ այն, ինչ նորաոճ կլինի մեկ տարի անց, երբ կմտնի սերիական արտադրության մեջ:    

Այսինքն մենք չենք վազում նորաձեւության հետեւից, այլ օգնում ենք ստեղծել այն: Երբ գործընկերները նման մոտեցում են տեսնում, սկսում են լրջորեն վերաբերվել մեզ:   

Կհաջողվի՞ արդյոք մրցակցել չինացի կամ թուրք արտադրողների հետ: Չէ որ այնտեղ էլ քիչ չեն նորմալ ապրանքները: 

Մենք   ռուսաստանցի գործընկերների համար շահավետ ենք նրանով, որ հնարավորության սահմաններում պատրաստ ենք առեւտուր անել ռուբլով: Իհարկե, բանակցություններին մենք նշել ենք, որ հումքի գնման մի մասում մեզ դոլարով վճարում է անհրաժեշտ: Բայց միեւնույն է` եթե անհրաժեշտ որակի հումք ճարվի Ռուսաստանից, մեր ընկերությունները պատրաստ են այն ռուբլով գնել: Իսկ Հայաստանում ծախսերի համար  (աշխատավարձեր, էլեկտրաէներգիա եւ այլն) հնարավոր է ամեն դեպքում ռուբլով վճարում վերցնել:   

Ինչո՞ւ եք աչքի տակ առնում հենց խոշոր ցանցերը:

Մոսկվայում մեր ձեռնարկություններին նաեւ փոքրիկ պատվերներ են առաջարկել`  50, 100 հատ, անմիջապես վճարմամբ: Բայց մինչեւ նման պատվերի համար հումք ճարեն, ներմուծեն, կարեն, Հայաստանի պայմաններում, ինչպես ասացի, մոտ  2 ամիս է անցնում: Մանր խմբաքանակների վրա այդքան ժամանակ ծախսելը շահավետ չէ:  Իսկ խոշոր ցանցերը Ռուսաստանում կարող են մշտական պատվերներ ապահովել:   Նրանք դիմանում են տնտեսական բարդություններին, որովհետեւ նրանց հաջողվում է գնի մեջ ճկուն լինել:  Այդ պատճառով արժե շարունակել կես տարի կամ մեկ արի, որպեսզի  նրանց հետ համագործակցության հասնենք:  Դրանից հետո դուք նրանց հուսալի հաճախորդն եք դառնում: Իսկ դա շատ բան է նշանակում: Նրանք իրենք են ասել մեզ. երբեմն ավելի էժան է պատվիրել այլ վայրում, բայց մշտական գործընկերոջ հետ ավելի հուսալի է:   Այդ պատճառով երկար կպայմանավորվենք, բայց պատվերներն էլ մշտական կլինեն, յուրաքանչյուր սեզոնին:   

Իսկ նրանք կթողնեն 5900 B. C պիտա՞կը, թե իրենցը կփակցնեն:

Մենք չենք հավակնում նրան, որ ապրանքանիշը անպայման մերը լինի: Եթե պատվիրատուն ուրիշ բան խնդրի, մենք չենք առարկի: Մեզ համար գլխավորը Հայաստանից որակյալ արտահանումն է, բարձր հավելյալ արժեքով: