Շոտլանդական Գլազգո քաղաքի դատարանը թուրք նավաստիներին մեղավոր է ճանաչել Եվրոպա կոկայինի մեծ խմբաքանակի մաքսանենգ ներմուծման համար, հայտնում է Reuters-ը:
47-ամյա նավապետ Մումին Սահինը եւ նրա 51 տարեկան ավագ օգնական Էմին Օզմենը Ստամբուլից դատապարտվել են համապատասխանաբար 22 եւ 20 տարվա ազատազրկման:
Կոկայինով նավը գրավել էին 2015-ի ապրիլին` Շոտլանդիայի արեւելյան ափին, Աբերդինի մոտակայքում: Թմրանյութը պահվել էր 128 պարկում եւ թաքցված էր եղել նավակմախքի ներսում: Նյութի ընդհանուր քաշը 3,2 տ է կազմել: Բրիտանական իշխանությունները առգրավված խմբաքանակը կոչել են խոշորագույնը Միացյալ Թագավորության ամբողջ պատմության ընթացքում:
Քննիչների խոսքով, մոտավորապես 512 մլն ֆունտ արժողությամբ (664 մլն դոլար) կոկայինը պատրաստվում էին ուղարկել Նիդերլանդներ: Թմրանյութը Հարավային Ամերիկայից Բրիտանիա է հասցվել Գայանայով եւ իսպանական Տեներիֆով:





























