Աշխատանքային այցով Բրազիլիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 12-ին, ժամանել է երկրի մայրաքաղաք Բրազիլիա: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի նախագահի հանդիպումը Բրազիլիայի նախագահի պաշտոնակատար Միշել Տեմերի հետ:

Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ շնորհավորել Միշել Տեմերին` Օլիմպիական խաղերը Բրազիլիայում հյուրընկալելու կապակցությամբ, նաեւ երախտագիտություն հայտնել հայ օլիմպիականների անունից` մարզիկների համար Ռիո դե Ժանեյրոյում ստեղծված անհրաժեշտ բոլոր պայմանների եւ հոգատար վերաբերմունքի համար:

Օլիմպիական խաղերը, Հայաստանի նախագահի համոզմամբ, բացի սպորտային մեծ տոն լինելուց, նաեւ խաղաղության ուղերձ են ամբողջ աշխարհին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բրազիլիայում այս օրերին ընթացող խաղերը կվերահաստատեն ամբողջ մարդկության համար կարեւոր այդ գաղափարները եւ կնպաստեն միջազգային մթնոլորտի բարելավմանն ու առողջացմանը:

Այդ համատեքստում նախագահ Սարգսյանը խոսել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման կարեւորության մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Բրազիլիայի հավասարակշռված ու անկողմնակալ դիրքորոշմանը:

Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցության եւ հարաբերությունների հետագա ամրապնդման ու խորացման հնարավորությունների շուրջ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ երկու երկրների միջեւ ձեւավորվել են հարգանքի ու փոխվստահության վրա հիմնված ամուր բարեկամական կապեր: Մեր երկրի ղեկավարը կարեւորել է աշխարհում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով առաջատար եւ ծանրակշիռ երկրներից մեկի` Բրազիլիայի հետ բազմաբնույթ կապերի զարգացումը եւ հույս հայտնել, որ իր այցը խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար՝ ուրվագծելով ապագա համագործակցության նոր ուղղություններ:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել անցյալ տարի Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Նախագահի համոզմամբ, Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթը լավագույնս բնութագրում է Բրազիլիայի ժողովրդին, նրա արժեհամակարգը եւ բարոյական մղումները:

Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը` մեծ դեր վերապահելով պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությանը երկու երկրների խորհրդարաններում: