Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բրազիլիա կատարած այցի շրջանակում երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթեր են ստորագրվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքից:

Մասնավորապես, ստորագրվել են` «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ կրթության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության գյուղատնտեսության, անասնաբուծության եւ մատակարարման նախարարության միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջեւ քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր, «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ռիո Բրանկո ինստիտուտի միջեւ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր:

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցի շրջանակներում նույն օրը՝ Երևանի ժամանակով ուշ երեկոյան, մայրաքաղաք Բրազիլիայում ներկա կգտնվի նաեւ Բրազիլիայում Հայաստանի դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը: