«Հյուսիսային հոսք 2» նախագծի գործընկերները հետ են կանչում համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին ծանուցագիրը:

Նախագծի գործընկերները, որոնց թվում են «Գազպրոմ»-ը, Engie-ն, OMV-ն, Shell-ը, Uniper-ը եւ Wintershall-ը, հետ են կանչում Լեհաստան ներկայացրած ծանուցագիրն իրենց կողմից համատեղ ձեռնարկություն ստեղծելու ծրագրերի մասին:

Ավելի վաղ գազատարի կառուցման նախագծի մասնակիցները համապատասխան ծանուցագիրն ուղարկել էին լեհական հակամենաշնորհային մարմնին: Սակայն հուլիսի վերջին Լեհաստանը դեմ էր արտահայտվել «Գազպրոմ»-ի եւ նրա եվրոպական գործընկերների կողմից համատեղ ձեռնարկություն ստեղծելուն:

Հիմա մասնակիցներից յուրաքանչյուրն ինքնուրույն է ապագա նախագծում ներդրում կատարելու հնարավորություններ որոնելու: Լեհաստանի որոշումը չի ազդի պայմանավորված ժամկետում «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցման ծրագրերի վրա:

Վեստիի հաղորդմամբ՝ «Հյուսիսային հոսք 2»-ը նախատեսում է գազատարի երկու ճյուղի կառուցում, որոնց հզորությունը կազմելու է տարեկան 55 մլրդ խ.մ.: Խողովակաշարը ձգվելու է Բալթիկ ծովով՝ Ռուսաստանից մինչեւ Գերմանիա:

Ընդ որում, բաժնետոմսերի 50%-ը պատկանում է «Գազպրոմ»-ին, 10-ական տոկոս՝ եվրոպական գործընկերներին: Նոր գազատարը ծրագրվում է կառուցել «Հյուսիսային հոսք»-ի հարեւանությամբ: