Պղնձի համաշխարհային ցածր գները կարող են դեռ երկար պահպանվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Colorado School of Mines-ի հետազոտող Ջոն Թիլթոնը:

Պղնձի, ինչպես նաեւ հանքահումքային շատ այլ ապրանքների գները ցիկլային են, այսինքն՝ կրկնում են տնտեսության աճի եւ դանդաղեցման միտումները: Երբ գները բարձր են, արտադրողները նման միտում են ակնկալում նաեւ ապագայում, եւ հակառակը:

Ամեն դեպքում, հիմա հարկավոր է հաշվի առնել արդյունահանման նոր հզորությունները, որոնք ներառված են համաշխարհային տնտեսության տեմպերի դանդաղեցման մեջ:

Խոսքը ոչ միայն Չինաստանում տեմպերի աճի նվազեցման մասին է, այլեւ ցածր աճի կամ դրա բացակայության: Նույնն է նաեւ Եվրոպայում, Ճապոնիայում, Բրազիլիայում, Ռուսաստանում:

«Ելնելով այս հանգամանքից՝ կարելի է սպասել, որ պղնձի ցածր գներն առաջիկա մի քանի տարիներին կպահպանվեն»,- ամփոփեց Թիլթոնը:

Նշենք, որ Լոնդոնյան բորսայում պղնձի եռամսյա ֆյուչերսները ներկայում 4.810 դոլար արժեն, մինչդեռ 2015 թվականի հուլիսին 5.450 դոլար էին (անկումը կազմում է շուրջ 12%):

Նշենք, որ Հայաստանի ՊԵԿ-ի տվյալներով, 2015 թվականին հանրապետության խոշորագույն արտահանվող ապրանքը շարունակել է մնալ պղնձի խտանյութը (լեռնահարստացուցիչ կոմբինատներն ավելացրել են արդյունահանումը՝ պղնձի գների անկումը փոխհատուցելու համար): Եթե 2014 թվականին արտահանվել է 235.9 մլն դոլարի արտադրանք, ապա 2015-ին՝ 316.6 մլն դոլարի: