«Սասնա Ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանը կալանավորվեց: Նման որոշում է կայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:

«Միջնորդեցինք, որ գրավի դիմաց Սեդրակ Նազարյանն ազատ արձակվի, սակայն դատարանը մերժեց մեր միջնորդությունը»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Սեդրակ Նազարյանը դատարանից անմիջապես տեղափոխվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից)։ Ըստ փաստաբանների՝ Սեդրակ Նազարյանը հայտարարել է, որ մեղադրանքն իրեն պարզ չէ, հրաժարվել է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել, քանի որ 12 օր ապօրինի զրկվել է ազատությունից եւ արտաքին աշխարհի հետ որեւէ կապից: