ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը ուկրաինական առաջնորդ Պյոտր Պորոշենկոյին կոչ է արել զերծ մնալ Ռուսաստանի հետ լարվածության սրումից: Այդ մասին նա հայտնել է պետության ղեկավարի հետ հեռախոսազրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել ուրբաթ` օգոստոսի 12-ին, հայտնում է Սպիտակ տան կայքը: 

Կողմերը «քննարկել են ղրիմյան թերակղզում իրավիճակը»: «Փոխնախագահը նախագահ Պորոշենկոյին կոչ է արել իր ներդրումն ունենալ լարվածության սրումից խուսափելու նպատակով», - նշված է հաղորդագրության մեջ: Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն ռուսաստանյան կողմին կոչ է արել նույնն անել: 

Բացի այդ, քաղաքական գործիչները դարձյալ հայտարարել են, որ Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար անհրաժեշտ է քաղաքական եւ դիվանագիտական միջոցներ օգտագործել: Նրանց կարծիքով, հիմնական միջոցը մինսկյան համաձայնագրերի իրականացումն է: 

Ուկրաինայի նախագահի կայքը հաղորդում է, որ Ուկրաինական պետության ղեկավարն ընդգծել է Ուկրաինայի ձգտումը` խուսափել Մոսկվայի անհիմն մեղադրանքների հետեւանքով լարվածության աճից: 

Միաժամանակ Պորոշենկոն ընդգծել է, որ «Ռուսաստանի կողմից վերջերս արված կեղծ հայտարարությունները օկուպացված Ղրիմում Ուկրաինայի կողմից ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ հիբրիդային սադրանք է եւ Ռուսաստանի հետագա ագրեսիվ գործողություններն արդարացնելու հերթական փորձը»:

«Այս համատեքստում նշվել է, որ կարեւոր է թույլ չտալ, որ Մոսկվան Ղրիմի իրավիճակը որպես պատրվակ օգտագործի հերթական անգամ Մինսկյան համաձայնագրերը չկատարելու համար: Կողմերը համաձայնել են, որ կարեւոր է շարունակել  երկխոսությունը Նորմանդական ձեւաչափում», - ասված է հաղորդագրության մեջ: