Guccifer 2.0 նիկով ցանցահենը ինտերնետում տեղադրել է ԱՄՆ-ի Կոնգրեսի 193 դեմոկրատ անդամի անձնական տվյալները: Նա հրապարակել է կոնգրեսականների կոնտակտային տվյալները, մասնավորապես, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստերի հասցեները, ինչպես նաեւ գաղտնաբառեր դեմոկրատների տվյալների որոշ առցանց բազաների եւ ներքին փաստաթղթերի վերաբերյալ, հայտնում է The Wall Street Journal-ը:
«Եկել է ժամանակը նոր բացահայտումների համար: Մենք բոլորս կարող էինք լսած լինել կուսակցության` Կոնգրեսի ընտրությունների կոմիտեի վրա հարձակման մասին: Ինչպես տեսնում եք, ես ժամանակն իզուր չեմ ծախսել: Դա նույնիսկ ավելի հեշտ էր, քան Ազգային դեմոկրատական կոմիտեի վրա հարձակումը», — իր կայքում հայտնել է Guccifer 2.0-ն:
Հուլիսի 29-ին հաղորդվել է, որ ցանցահենները ջարդել են Դեմոկրատական կուսակցության ստորաբաժանումներից մեկի կայքը: Հուլիսի 22-ին WikiLeaks կայքը Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի (ԴԿԱԿ) գրեթե 20 հազար էլեկտրոնային նամակ է հրապարակել: Դրանցից հետեւել է, որ կուսակցության ղեկավարությունը ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին իր նախընտրական արշավում միտումնավոր օգնել է ի վնաս Վերմոնտից սենատոր Բեռնի Սանդերսի:
Սկանդալի ֆոնին հրաժարական են տվել ԴԿԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Էմի Դեյսին եւ ԴԿԱԿ-ի նախագահ Դեբբի Վասսերման-Շուլցը:
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները փոստարկղերի կոտրման մեջ Ռուսաստանին են կասկածել:





























