Երեւանի «Ազատության» հրապարակում մեկնարկել է ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի հանրահավաքը:

NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը հայտարարել է, որ «Սասնա ծռերի» անդամները կարող են բոլորին դաս տալ, իսկ մարդիկ նրանցից պետք է օրինակ վերցնեն:

«Առաջին բանը, որ մեզ հետաքրքրում է, տղաների վիճակն է: Շատ հստակ տվյալներով ձեզ ասում ենք, որ եթե նույնիսկ մարմնով մի քանիսը խնդիրներ ունեն, ոգով կարող են բոլորիս դաս տալ՝ ե՛ւ մեզ, ե՛ւ նրանց, որոնք այդ տղաներին հասցրին այնտեղ: Մենք պետք է լինենք կամային եւ նպատակասլաց»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:

«Հայազն» կուսակցության անդամը հիշեցրեց, որ երեկ արդեն հայտարարվել է. վերաձեւավորվում է նոր խորհուրդ, որը կունենա որոշակի համակարգող գործառույթներ: «Այդ մարմինը, կարելի է ասել, ձեւավորված է, որոշ փոփոխություններ կլինեն, որից հետո մենք կներկայացնենք ցուցակը: Միեւնույն ժամանակ, նշեմ, որ այս հարթակն ազատ է եւ յուրաքանչյուրը կարող է ելույթ ունենալ այստեղից»,- հավելեց Հովհաննիսյանը: