Սարի թաղում տեղի ունեցած դեպքերից հետո կալանավորված քաղաքական գործիչները քաղբանտարկյալներ են: Այս մասին այսօր` օգոստոսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Սեդա Սաֆարյանը, որը պաշտպանում է «Ժառանգություն»կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի շահերը:

«Ինչ միջնորդություն ներկայացնում ես, մերժվում է: Տպավորություն է, որ ամեն ինչ վերահսկվում է մեկ կենտրոնից եւ կարծես սպասում են հրահանգի: Փաստաբաններս պետք է սպառենք ներպետական ատյանները, որից հետո կդիմենք միջազգային ատյաններին»,- ասաց Սեդա Սաֆարյանը:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն էլ նշեց, որ մեղադրանքները պետք է բաժանել մի քանի մասի` ՊՊԾ գունդ մտած անձինք եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվողներ: Անձամբ փաստաբանն այս փուլում չէր դիմի միջազգային ատյաններին` վիճարկելու խափանման միջոցը կալանավորումն ընտրելու մասին որոշումը. «Ես կդիմեի ՄԻԵԴ, երբ երկրորդ անգամ կերկարաձգվեր կալանքի ժամկետը նույն պատճառաբանությամբ: Փաստաբաններն այդ կերպ միջազգային ատյաններին ցույց կտան, որ երկու ամիս քննչական մարմինը որեւէ գործողություն չի իրականացրել»:

Նիկոլայ Բաղդասարյանը հիշեցրեց նաեւ, որ այս պահին կան 30-33 կալանավորված անձինք, որոնք մեղադրվում են խմբին օժանդակելու կամ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Ըստ փաստաբանի` նախաքննական մարմինը պետք է հաշվետվություն տա, թե մասնավորապես ինչ են արել այդ մարդիկ:

Նշենք, որ իրավապահ մարմինները դեռեւս գաղտնի են պահում, թե ընդհանուր առմամբ քանի քաղաքացի է կալանավորվել: