Եթե սեպտեմբերից չսկսվի ԸՕ-ի վերահսկողական մեխանիզմների տեղադրման գործընթացը, արդեն ուշ կլինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նշենք, որ նախապես  հայտարարված էր, որ Ընտրական օրենսգրքի վերահսկողական մեխանիզմների  տեղադրման ուղղությամբ աշխատանքները պետքէ սկսվեին սեպտեմբերի 1-ից։ Արդեն գրել ենք, որ մեխանիզմների համար նախատեսված 16 միլիոն եվրոն արդեն գտնվել էր միջազգային դոնորներից, ինչի մասին NEWS.am-ի հետ զրույցում հաստատել էր ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Տիգրան Մուկուչյանը շեշտել է, որ այդ գործընթացով ԿԸՀ-ն չի զբաղվում, իսկ այդ ուղղությամբ մեկնարկող աշխատանքներից դեռ տեղեկություն չունեն։ 

«Իրավակարգավորումներն անպիսին են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ընդունի համապատասխան որոշում, բնականաբար, այդ ամենը ճշգրտելուց հետո արդեն Ընտրական հանձնաժողովը համապատասխան դիրքորոշում կներկայացնի»։

Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ  մեկնարկը նշված էր սեպտեմբերի 1-ին, որպեսզի հնարավոր լիներ այդ ամբողջ աշխատանքները հասցնել մինչեւ խորհրդարանական ընտրություններ։ 

«Եթե սեպտեմբերից չսկսվեն այդ աշխատանքները, արդեն ուշ կլինի։ Սեպտեմբերի 1-ը ընտրված է այն հաշվարկով, որպեսզի հնարավոր լիներ մինչեւ Ազգային ժողովի ընտրություններ այդ ժամանակահատվածում իրականացնել այն գործառույթները, որոնք նախատեսված էին ընտրական օրենսգրքի փոփոխություններով եւ այդ ժամկետի ընտրությունը պայմանավորված էր դրանով, որպեսզի հնարավոր լիներ այն իրականացնել։ Եթե այդ ժամկետը ուշանում է, արդեն այդ ծավալի աշխատանքը, որը որ նախատեսված էր, բնականաբար, ժամկետներով պայմանավորված, արդեն լրացուցիչ բարդություններ կարող է  ունենալ»։