Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ «Ազատություն քաղբանտարկյալներին», «Սասնա ծռեր», «Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունները, որոնք բողոքում են երկրում ակտիվիստների կալանքի դեմ, օգոստոսի 16-ին նամակ են գրել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին։

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Մենք մտահոգված ենք խաղաղ ցուցարարների ապօրինի բանտարկությունների կապակցությամբ, որոնց կալանավորել են Հայաստանում 2016-ի հուլիսի 29-ին։ Մենք հատկապես մտահոգված ենք հետեւյալ անձանց կալանավորման եւ ծեծի ենթարկելու հանգամանքով՝ Հովսեփ Խուրշուդյան («Ժառանգություն» կուսակցություն, PR մասնագետ), Դավիթ Սանասարյան («Ժառանգություն» կուսակցություն, մամուլի քարտուղար), Արմեն Մարտիրոսյան («Ժառանգություն» կուսակցություն, փոխնախագահ), Անդրիաս Ղուկասյան (նախագահի նախկին թեկնածու, «Ոտքի՛ Հայաստան» շարժման հիմնադիր), Դավիթ Հովհաննիսյան («Ոտքի՛ Հայաստան» շարժման անդամ)»։

Քաղաքացիական նախաձեռնությունները նամակ են գրել նաեւ Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Ժոզեֆ Դոլին. «Մենք նամակում կոչ ենք արել օգտագործել բոլոր լծակները ՀՀԿ իշխող քրեական կուսակցությունը ԵԺԿ–ից հեռացնելու համար, եւ պահանջել անմիջապես վերջ դնել բռնություններին։ Մենք սպասում ենք ձեր շուտափույթ գործողություններին։ Ամբողջ աշխարհի հայերը սպասում են ձեր ջանքերին»։