Ժիրայր Սեֆիլյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից կոչ է հղել «Սասնա Ծռեր» քաղաքական խորհրդին:

«Ողջունում եմ ազգային-ազատագրական շարժման գործողությունները համակարգելու նպատակով «Սասնա Ծռեր» քաղաքական խորհուրդ ստեղծելու նախաձեռնությունը:

Որպես առաջին ուղերձ՝ «Սասնա Ծռեր» քաղաքական խորհրդին կոչ եմ անում առաջիկա ժամանակահատվածում առանձնակի ուշադրություն դարձնել Արցախի հարցի հետ կապված զարգացումներին:

Մասնավորապես՝ մենք պետք է շատ զգոն եւ լայնախոհ կերպով վերաբերվենք Արցախի անկախության ճանաչման առաջարկություններին եւ դրանք դիտարկելիս նկատի ունենանք, որ

1. 1988-ին մեր ժողովուրդը ոտքի է կանգնել Արցախը Հայաստանին վերամիացնելու նպատակով եւ պայքարի ու արյան գնով դե ֆակտո ազատագրել է Արցախի տարածքի մի զգալի մասը,

2. քանի դեռ մեր պետությունը գաղութային կախում ունի Ռուսաստանից, Արցախի ճանաչումը կարող է նրան լրացուցիչ հնարավորություն տալ ազատագրված տարածքների եւ հայության կենսական շահերի հաշվին տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու եւ, ի վերջո՝ մեզ ռուսական ծայրագավառի վերածելու համար:

Այդ պատճառով Արցախի ճանաչումը կարող է ընդունելի լինել, եթե այն.

1. ծառայում է որպես Արցախն իր սահմանադրական տարածքով ՀՀ-ին դե յուրե միացնելու ճանապարհի միջանկյալ քայլ,

2. տեղի է ունենում Սերժ Սարգսյանի գաղութային վարչակազմը ազգային կառավարությամբ փոխարինելուց եւ իրական ինքնիշխանություն ձեռք բերելուց հետո: