Բուլղարացի հնագետների խումբը հնագույն բնակավայրի պեղումների ընթացքում գրային նշաններով կավե սալիկ է հայտնաբերել, որի տարիքը գերազանցում է 7 հազար տարին: Այդ մասին Բուլղարական հեռախոսային գործակալությանը հայտնել է Պլեւեն քաղաքում Շրջանային պատմական թանգարանի տնօրեն Վոլոդյա Պոպովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կավե սալիկ է հայտնաբերվել պատկերանշաններով` գրաֆիկական նշաններով, որոնք գրի հիմքում են եղել», - պատմել է Պոպովը: Հնագետը համոզված է, որ Ռիբեն գյուղի շրջանում հայտնաբերված սալիկը կանխագործում է շումերական եւ եգիպտական գրերը, որոնք երկու հազար տարով ավելի երիտասարդ են:
«Այս սալիկը հաստատում է այն վարկածը, որ Երկրի վրա կավե սալիկների վրա նկարված նշանների օգնությամբ տեղեկությունների փոխանցումը ծնունդ է առել հենց այստեղ ` Բալկաններում: Ընդհանուր առմամբ այս շրջանում հնագետները հնագույն գրերով մոտ 120 արտեֆակտ են հայտնաբերել», - հավելել է գիտնականը: Պոպովը նշել է, որ յոթ հազար տարեիան նշանների ընթերցումը շատ բարդ առաջադրանք է եւ արտեֆակտերի մանրամասն ուսումնասիրությունը դեռ առջեւում է:
Հնագետների գտածոները պաշտոնապես կներկայացվեն սեպտեմբերի վերջին Պելեւենի պատմական թանգարանի հատուկ ցուցադրությանը:





























