Հետազոտողների միջազգային խումբը Աֆղանստանի տարածքում բուխարայական հազվագյուտ եղջերուի է հայտնաբերել, որին այդ երկրում վերջին անգամ տեսել էին XX դարի 70-ական թվականներին եւ կարծում էին, որ այդ ենթատեսակն անհետացել է շրջանից, հայտնում է Science Alert-ը:
2013 թվականին հետազոտողները բուխարայական եղջերուի հետքեր են հայտնաբերել Աֆղանստանի հյուսիսում, իսկ որոշ ժամանակ անց երիտասարդ էգ եղնիկի են տեսել: «Մենք ցնցող զգացումներ ապրեցինք,- իր տպավորություններն է պատմում Զալմաի Մոհեբը` արշավախմբի մասնակիցներից մեկը: Մենք տեսանք կենդանիների, որոնց ոչ ոք երբեք չէր տեսել Աֆղանստանում 45 տարվա ընթացքում»: Ավելի վաղ համարվում էր, որ բուխարայական եղջերուները երկրի տարածքից անհետացել են բազմաթիվ ռազմական գործողությունների հետեւանքով (այդ թվում` 1979—1989 թվականների Աֆղանստանի պատերազմի հետեւանքով):
Բուխարայական (կամ տուգայական) եղջերուները նկարագրվել են 1900 թվականին: Այդ կենդանիները, որոնք երկար ժամանակ ենթակա էին անհետացման վտանգի, ապրում են ջրամբարների ափերին: XX դարի սկզբին Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը կազմակերպել է այդ եղջերուների վերադարձն իրենց հարազատ բնակավայրեր, մասնավորապես` Տաջիկստան: Տաջիկստանում այդ եղջերուների հսկայական պոպուլյացիան անհետացել է անցած դարի 90-ականներին տեղի ունեցած ռազմական հակամարտությունների հետեւանքով:





























