Եգիպտոսի պետական ERTU հեռուստաընկերությունն աշխատանքից հեռացրել է ութ կին հաղորդավարի, որոնք ավելորդ քաշ ունեին, որովհետեւ հեռարձակողը նրանց տեսքը կադրում աշխատելուն վայել չի համարել, հայտնում է Youm7.com-ը:

Կանանց մեկ ամիս են տվել նիհարելու համար: Դրական արդյունքի հասնելու դեպքում նրանք կկարողանան դարձյալ վերադառնալ եթեր: Հեռացման ժամանակ նրանց աշխատավարձ կվճարվի: 

Հեռուստահաղորդավար Խադիջա Խատտաբը, որը պարբերականին պատմել էր հեռուստաընկերության` սննդակարգի անցնելու պահանջի մասին, հայտնել է, որ լրագրողների կերպարի մասին պետք է դատեն հեռուստադիտողները, ոչ թե գործատուն: 

Աշխատակիցների հեռացումը հանրային ռեզոնանս է առաջացրել, հայտնում է  BBC News-ը: Փորձագիտական հանրությունը եւ սոցցանցերը վիճում են, թե արդարացված են արդյոք նման միջոցները:  ERTU-ի որոշման մեջ ռացիոնալ հատիկ նկատածներն առաջարկում են պահանջը տարածել բոլոր հեռուստաալիքների վրա, մյուսները դատապարտում են ընկերության ղեկավարությանը եւ նրան խորհուրդ են տալիս կենտրոնանալ բովանդակության որակի, ոչ թե հաղորդավարների արտաքին տեսքի վրա:   

Ալիքի գործողությունների խիստ քննադատությամբ է հանդես եկել նաեւ կանանց իրավունքների կենտրոնը: Այնտեղ հայտնել են, որ նման միջոցները խախտում են սահմանադրությունը եւ իգական սեռի հանդեպ բռնության ձեւերից մեկն են: 

Չնայած սուր բանավեճին, հեռուստաընկերության ղեկավարությունը մտադիր չէ վերանայել իր որոշումը, ասում են   BBC News-ի աղբյուրները: Նշվում է, որ ERTU-ի ղեկավար Սաֆաա Հեգազին ավելի վաղն ինքն էլ որպես հեռուստահաղորդավարուհի է աշխատել պետական ալիքում: