Գամբիացի ապօրինի միգրանտը Ֆրանսիայից արտաքսվելուց խուսափելու համար ոստիկանների աչքի առաջ կերել է իր անձնագրի մի քանի էջը, հայտնում է La Depeche-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Թուլուզում օգոստոսի 15-ին, սակայն այդ մասին միայն հիմա է հայտնի դարձել:

Ֆրանսիայի իշխանությունները մերժել են ապաստան տալ Բուբաքար անունով 34-ամյա գամբիացուն: Տեսնելով օդանավը, որը նրան պետք է հայրենիք հասցներ, զայրացած տղամարդը պատռել է անձնագրի լուսանկարը, անուն-ազգանունը պարունակող էջերը եւ դրանք կուլ տվել:

BFM TV-ի տեղեկություններով՝ դրանից հետո նա սկսել է վիրավորել իրավապահներին, նույնիսկ թքել է նրանց ուղղությամբ: Արդյունում օդանավի հրամանատարը հրաժարվել է ուղեւորին սրահ թողնել, որը կարող էր սպառնալ անվտանգությանը:

Օգոստոսի 16-ին դատարանը Բաբուքարին երկու ամսվա ազատազրկման է դատապարտել արտաքսումից խուսափելու համար: Տղամարդը պնդում է, որ Գամբիայի ընդդիմադիրներից է, ուստի իրեն քաղաքական ապաստան է անհրաժեշտ: Չնայած դրան, ապաստան ստանալու նրա հայցը չի բավարարվել: